Կառավարության նիստերի օրակարգային հարցերը հասանելի չեն նաև նիստի մասնակիցներին
Այսօրվա կառավարության հերթական նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց քվեարկության դնել չզեկուցվող հարցերի փաթեթը, որում ընդգրկված է օրակարգային 51 հարցից 46-ը:
Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Զարեհ Սինանյանն ատաջարկեց չզեկուցվողների փաթեթից հանել 35 և 36 որոշումները և դրանք կամ զեկուցվող դարձնել, կամ հետաձգել: Վերջինս փաստեց, որ իր ղեկավարած գրասենյակը չի կարողացել ծանոթանալ կամ մասնակցել հարցի քննարկումներին, որովհետև մեկ ու կես օր առաջ են ստացել դրանք, իսկ նախագծերը վերաբերում են հայրենադարձների գույքի տեղափոխման հարցերին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշեց, որ երկու հարցից միայն մեկը կզեկուցվի և այդ առաջարկն էլ քվեարկությամբ ընդունվեց:
Օրակարգի քննարկման ժամանակ նաև պարզվեց, որ կան նաև գաղտնի դրույթներ պարունակող հարցեր, որոնք նույնպես քվեարկությամբ ընդունվեցին՝ առանց փակագծերի բացման: Պարզվում է կառավարության ընդունած որոշումների բովանդակությունը շատ դեպքերում հասանելի չեն լինում, ոչ միայն հասարակության, այլ նաև հենց կառավարության նիստին մասնակցողների համար: Հետևաբար, չնայած ուղիղ եթերին, գերագույն ցանկության դեպքում էլ ՀՀ քաղաքացին չի կարող ասել, որ կառավարության նիստերն թափանցիկ են անցնում: