Առաջին շահագրգիռը մենք ենք, որ հանրությունն էլ տեսնի՝ ինչ քրգործ է քննվում. Մակինյան
«Կյանքի ու առողջության պահպանման իրավունքն ամեն դեպքում առաջնային է»,- հերթական դատական նիստը հետաձգելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, Սերժ Սարգսյանի և մյուսների գործով հերթական նիստին Ա. Մակինյանը միջնորդեց հետաձգել նիստը՝ պայմանավորված համարակով։
Պաշտպանը լրագրողներին ասաց, որ համավարակի դեմ պայքարում ձեռնարկված միջոցառումներն այս պահի դրությամբ արդյունավետ արդյունք չեն տվել, պարզ չէ, թե ինչի հետևանքով համավարակը չի հաղթահարվում, ընդհակառակը՝ դեպքերն ավելանում են։
«Այս պայմաններում մարդկանց կյանքը, առողջությունը դնել ռիսկի տակ, ինձ համար առնվազն ընդունելի չէ»,- ասաց Ա.Մակինյանը՝ ընդգծելով, որ փաստացի ֆորսմաժորային իրավիճակ է, պետք է շատ լուրջ վերաբերվել այս իրավիճակին։
«Երկու շահ կա՝ արդարադատության շահ, որի մեջ մտնում է նաև գործի ողջամիտ քննության ժամկետը և մարդու առողջության պահպանման իրավունքը և կյանքի իրավունքը։ Կյանքի ու առողջության պահպանման իրավունքը բոլոր շահերից բարձր է, բոլոր իրավունքները ծնվում են կյանքի իրավունքից հետո»,- ասաց Ա. Մակինյանը։
Հաջորդ դատական նիստը նշանակված է օգոստոսի 6-ին։
Պաշտպանը հույս ունի՝ մինչ այդ էպիդեմիկ իրավիճակն այնպիսին կլինի, որ որևէ խոչընդոտ չի առաջանա դատական նիստն անցկացնելու համար։
«Առաջին շահագրգիռը մենք ենք, որ հանրությունն էլ տեսնի, թե ինչ քրեական գործ է քննվում»,- ասաց Ամրամ Մակինյանը։
Հիշեցնենք, որ այս քրեական գործով ընդհանուր առմամբ 5 մեղադրալ կա։ Սերժ Սարգսյանից բացի մեղադրանքներ են առաջադրվել նաև գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին, նախկին փոխնախարար Սամվել Գալստյանին, վարչության պետ Գևորգ Հարությունյանին, գործարար Բարսեղ Բեգլարյանին։
Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2008թ․ ապրիլի 9-ից մինչև 2018թ․ ապրիլի 9-ը ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013թ․ հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489,160,310 ՀՀ դրամի հափշտակության կատարում։
«Սերժ Սարգսյանի մեղադրանքը կառուցված է մեկ ապացույցի, այն է մեկ անձի ցուցմունքների վրա, որոնք իրարամերժ են, հակասական, անարժանահավատ, անտրամաբանական, մի մասն էլ անթույլատրելի»,- նշում են Սերժ Սարգսյանի պաշտպանները։
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյանի ու մյուսների գործով դատական նիստը կրկին հետաձգվեց
- Սերժ Սարգսյանի փաստաբանը միջնորդել է նիստը հետաձգել
- Սերժ Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը հետաձգվել է
- Հայտնի է Սերժ Սարգսյանի ու մյուսների գործով հաջորդ դատական նիստի օրը
- Սերժ Սարգսյանի ու մյուսների գործով դատական նիստն այսօր չի կայանա
- Սերժ Սարգսյանի պաշտպանն առաջարկել է նիստը հետաձգել
- Սերժ Սարգսյանի պաշտպան. Դատարանում անակնկալներ կլինեն
- Դատարանը մերժեց Սերժ Սարգսյանի գործով դատախազին բացարկ հայտնելու պաշտպանի միջնորդությունը
- Պաշտպան.Սերժ Սարգսյանի մեղադրանքը կառուցված է մեկ անձի ցուցմունքների վրա, որոնք իրարամերժ են, անարժանահավատ