Հայրենադարձ 40 ընտանիքի մեքենաներն անձնական գույքով ՊԵԿ-ում են. Զարեհ Սինանյան
«Այսօր մոտ 40 ընտանիքներ կան, որոնց մեծ մասն արդեն Հայաստանում է, իրենց մեքենան մինչև հիմա ՊԵԿ-ում է, իսկ գույքն էլ մեքենայի մեջ է, սպասում են, որ ստանան իրենց մեքենան ու գույքը»- կառավարության նիստում հայտարարեց Սփյուռքի գործերով հանձնակատար Զարեհ Սինանյանը:
Վերջինս ելույթ ունեցավ «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 249.1-ին հոդվածում նշված անձանց կողմից մաքսային վճարների արտոնությամբ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների բնաիրային չափերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի N 1312-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին հարցի քննարկման ժամանակ:
Այս հարցը չզեկուցվող էր և միայն հանձնակատարի պնդումից հետո դարձավ քննարկվող:
Վերջինս պնդմամբ, նախագծով նախատեսվում է, որ Հայաստանում մշտական բնակության համար ժամանած ֆիզիկական անձը պետք է ՊԵԿ-ից համապատասխան փաստաթուղթ ստանա, որի համար նա կամ պետք է ՀՀ քաղաքացի լինի, կամ բնակության մշտական կամ հատուկ կարգավիճակ ունենա:
«Այն անձինք, որոնք եկել են Հայաստան մշտական բնակության նպատակով, իրենց գույքը տեղափոխել են Հայաստան, դիմել են ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, բայց դեռ չեն ստացել, նրանք փաստորեն չե՞ն կարող օգտվել սահմանված արտոնությունից, որը վերաբերում է հենց մշտական բնակության եկողների համար»,- հայտնեց Զարեհ Սինանյանը:
Վերջինս հարցրեց, թե ինչպե՞ս են նրանք կարողանալու այդ արտոնությունից օգտվել:
Նկատելով որ իրականում կան շատ հայրենակիցներ, որոնք և քաղաքացի են, և ՀՀ-ում բնակության կարգավիճակ ունեն, բայց հայրենադարձվելու ոչ մի մտադրություն չունեն՝ Սինանյանը շեշտեց, որ դրա փոխարեն կան նաև մարդիկ, որոնք եկել են, իրենց գույքն էլ բերել են, բայց չեն հասցրել 4-6 ամիս տևող գործընթացով անցնել և ստանալ քաղաքացիության կամ կացության կարգավիճակ և փաստորեն նրանք մնում են օդի մեջ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նկատելով, որ հնարավոր է վերջիններս այդպես էլ քաղաքացիություն չստանան՝ պնդեց, որ այդ դպքում լուծումն այն է՝ քաղաքացիության կամ կացության կարգավիճակ ստանալու գործընթացն արագացվի:
«Մենք չենք կարող ասել, որ եթե մարդը դիմել է կարգավիճակ ստանալու համար, նա պետք է այս արտոնությունից օգտվի»,- հայտարարեց ՀՀ վարչապետը:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ առաջարկեց հնարավորություն տալ, որ այդ միջանկյալ ժամանակահատվածում անձը վճարի, իսկ երբ կստանա կացության կարգավիճակը, նոր գումարների վերադարձի մեխանիզմ ապահովվի:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը, ներկայացնելով նախագիծը, հայտնեց, որ ՀՀ կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի N 1312-Ն որոշմամբ սահմանված են մշտական բնակության նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների բնաիրային չափերը:
«Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունմամբ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքը լրացվել է նոր 249.1 հոդվածով, որով կարգավորվում են մի շարք ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների մաքսային վճարների արտոնությունների հետ կապված իրավահարաբերությունները:
Ըստ ՊԵԿ նախագահի, նշված անձինք են՝ Հայաստանի Հանրապետության տարածք մշտական բնակության տեղափոխվող ճանաչված կամ փախստականի, հարկադիր տեղահանվածի կարգավիճակ ստացած օտարերկրյա ֆիզիկական անձինք, մինչև Հայաստանի Հանրապետություն ժամանումը՝ առնվազն 12 ամիս օտարերկրյա պետությունում ժամանակավորապես բնակված միության անձինք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված գործունեության ոլորտներում Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի թույլտվություն ստացած օտարերկրյա ֆիզիկական անձինք:
«Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12 N 1312-Ն որոշմամբ սահմանված են միայն մշտական բնակության նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների բնաիրային չափերը, ինչպես նաև այն, որ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով նույն օրենքի 249-րդ հոդվածի 10-րդ մասում ամրագրվել է, որ կառավարության կողմից սահմանվում են նշյալ օրենքի 249.1 հոդվածում նշված անձանց կողմից ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների բնաիրային չափերը՝ ներկայացվող նախագծով առաջարկվում է սահմանել 249.1 հոդվածում նշված բոլոր անձանց կողմից ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների բնաիրային չափերը, ինչպես նաև ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12 N 1312-Ն որոշումը»,- զեկուցեց Էդվարդ Հովհաննիսյանը:
Ի վերջո կառավարությունը որոշեց, որ փոփոխություններն ընդունվեն ներկայացված տեսքով, իսկ հետագայում քննարկեն պատկան մարմինների հետ հնարավոր լուծումների հարցը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ