Լոնդոնը չի վերադարձնում Վենեսուելային պատկանող 31 տոննա ոսկին
Լոնդոնի դատարանը Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոյին անվերապահորեն ճանաչել է հարավամերիկյան այդ երկրի նախագահ՝ փաստացի զրկելով պետության գործող ղեկավար Նիկոլաս Մադուրոյի կառավարությանը Անգլիայի բանկում պահվող վենեսուելական ոսկին տնօրինելու իրավունքից: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հինգշաբթի օրը նման որոշում է կայացրել Լոնդոնի Գերագույն դատարանը Վենեսուելայի Կենտրոնական բանկի հայցադիմումի քննարկման ժամանակ:
Հայցով Վենեսուելան ցանկանում էր վերադարձնել Բրիտանիայի մայրաքաղաքում պահվող 1 միլիարդ դոլար արժողությամբ ոսկե ձուլակտորները:
«Ինչ էլ լինի այդ ճանաչման հիմքը, Մեծ Բրիտանիայի կառավարությունը անվերապահորեն կճանաչի Գուաիդոյին որպես Վենեսուելայի նախագահ», - ասել է դատավոր Նայջել Թիրը, որին մեջբերել է PA-ն:
Նա նաև ավելացրել է, որ Լոնդոնը այլևս Մադուրոյին չի ճանաչի որպես Վենեսուելայի նախագահ: «Գուաիդոյին դե յուրե նախագահ և Մադուրոին դե ֆակտո նախագահ ճանաչելու պատճառ չկա»,- որոշել է դատավորը:
Գործակալության տվյալներով, դատին Վենեսուելայի կառավարությունը ներկայացնող փաստաբանները հայտնել են բարձրագույն դատարանում այդ որոշումը վիճարկելու մտադրության մասին:
Ապրիլին Կարակասն արդեն հարցում էր ուղարկել Անգլիայի բանկ՝ հույս ունենալով վերադարձնել այնտեղ պահվող ոսկե ձուլակտորների մի մասը և վաճառել դրանք:
Փաստաթղթերում, որոնց հետ ծանոթացել է «Ռոյթերս» գործակալությունը, ասվում է, որ Վենեսուելայի իշխանությունները ցանկանում են ստացված հասույթը փոխանցել ՄԱԿ-ի զարգացման ծրագրին կորոնավիրուսի դեմ պայքարի համար դեղամիջոցների, բժշկական սարքավորումների և սննդի տեսքով օգնություն ստանալու համար:
Անգլիայի բանկում պահվում է Վենեսուելային պատկանող 31 տոննա քաշով ոսկե ձուլակտորներ: Վենեսուելայի կառավարությունը բազմիցս փորձել է վերադարձնել ոսկու մի մասը, բայց բանկը հրաժարվել է տալ: 2018-ին Անգլիայի բանկը հրաժարվեց վերադարձնել Վենեսուելայի 420 միլիոն դոլար արժողությամբ ոսկե ձուլակտորները՝ մտավախություն ունենալով, որ Նիկոլաս Մադուրոն կարող է խլել պետության ոսկին և օգտագործել այն անձնական շահերի համար:
Երկուշաբթի օրը Եվրամիությունը Վենեսուելայի 11 պաշտոնյաների և խորհրդարանականի ընդգրկել է պատժամիջոցների ցուցակում՝ Գուաիդոյի գլխավորած ընդդիմությանը դիմակայելու և այդ երկրում ժողովրդավարությունը խարխլելու համար: Վերջիններիս արգելվում է մուտք գործել ԵՄ, իսկ եվրոպական բանկերում նրանց հաշիվները հայտնաբերվելու դեպքում դրանք կսառեցվեն:
Վենեսուելայի 36 քաղաքացի ԵՄ սև ցուցակում է: Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ կմիանա հարավամերիկյան երկրի դեմ ԵՄ նոր պատժամիջոցներին: