ՄԻՊ. 9-րդ ծրագրից օգտվելու խոչընդոտներն ամբողջությամբ վերացած չեն
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ միջոցառման մեկնարկից ի վեր, այսինքն՝ ապրիլի 14-ից մինչև հունիսի 25-ն ընկած ժամանակահատվածում Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների ուսումնասիրությունները վեր են հանել խնդիրներ, որոնք հիմնականում կապված են՝
.միջոցառման շահառուների համար համացանցի և տեխնիկական միջոցների ոչ լիարժեք հասանելիության հետ․
.համացանցից օգտվելու հմտությունների բացակայության հետ․
. համակարգից օգտվելու ծրագրային խնդիրների, շահառուների կողմից տվյալներ մուտքագրելու դժվարությունների հետ․
.ակնհայտ շահառու համարվող անձանց համակարգի կողմից մերժելու հետ․
. միանվագ դրամական աջակցության փոխանցման ուշացումների հետ և այլն։
Հիշեցնենք, որ միջոցառմամբ շահառու են եղել մինչև 18 տարեկան երեխա ունեցող ընտանիքները, որտեղ երկու ծնողներն էլ չեն ունեցել գրանցված աշխատանք և համապատասխանել են մի շարք այլ պայմանների։
ՄԻՊ գրասենյակից մանրամասնում են, որ Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված մի շարք բողոքների համաձայն՝ քաղաքացիները համակարգում մուտքագրել են իրենց երեխաների վերաբերյալ պահանջվող տվյալները, սակայն համակարգը մերժել է բնակչության պետական ռեգիստրում հաշվառում չունենալու պատճառաբանությամբ: Բողոքների համաձայն՝ իրականում, երեխաները գտնվել են Հայաստանում և ունեցել են հաշվառում իրենց մշտական բնակության հասցեում։
.Մեկ այլ դեպքում քաղաքացիները տեղեկացրել են, որ հաշվառված են նպաստառու ընտանիքի բնակության վայրի հասցեում (օրինակ՝ հայրական տանը), բայց փաստացի բնակվում են այլ հասցեում։
Սոցիալական ապահովության ծառայության առցանց դիմումների համակարգն այդ պարագայում դիմողներին դիտարկել է որպես նպաստառու ընտանիքի անդամ, չնայած նրան, որ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում տվյալ դիմողները նշված են որպես «բացակա անդամներ»։ Արդյունքում, դիմողները մեխանիկորեն զրկվել են աջակցությունից օգտվելու հնարավորությունից։
.Արձանագրվել են նաև դեպքեր, երբ երեխայի ծնողները Հայաստանի Հանրապետություն ավտոմեքենա ներմուծելու պատճառով զրկվել են պետության աջակցությունից։ Խնդիրն այն, որ ավտոմեքենա ներմուծելիս ծնողի անվամբ հարկային մարմնում հարկային հաշիվ է բացվել, արդյունքում համակարգը ծնողին որպես անհատ ձեռնարկատեր կամ վարձու աշխատող է դիտարկել, ինչի պատճառով ընտանիքը չի կարողացել օգտվել միջոցառումից:
.Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների ուսումնասիրությունը վկայում է, որ մարդիկ հաճախ միջոցառումից օգտվել են մասնակի: Ծրագիրը ոչ բոլոր երեխաների տվյալներն է հաստատել կամ բոլորինը հաստատել է, սակայն դրամական աջակցությունը փոխանցվել է բանկին ոչ բոլոր երեխաների հաշվարկով:
.Պաշտպանը քննարկել է նաև բողոքներ, որով կոնկրետ ընտանիքը 9-րդ միջոցառման շահառու է եղել, ընտանիքի անդամն ամիսներ առաջ սահմանված կարգով դիմում է մուտքագրել Սոցիալական ապահովության ծառայության առցանց դիմումների համակարգ, դիմումը հաստատվել է, սակայն դրամական աջակցությունն ընտանիքին չի տրամադրվել բանկին փոխանցված չլինելու պատճառաբանությամբ:
. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը Կառավարության ընդունած հակաճգնաժամային տնտեսական և սոցիալական միջոցառումների հետ կապված անհատական բողոքների քննարկման շրջանակներում արձանագրված յուրաքանչյուր խնդրով ցուցաբերել է անհատական մոտեցում:
ՄԻՊ-ից նշում են՝ խնդիրների մի մասը վերացվել է։
«Մտահոգիչ է, որ մինչ օրս ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված բազմաթիվ սոցիալական խնդիրների բախված քաղաքացիների համար թիրախում երեխային դիտարկող միջոցառումից օգտվելու կազմակերպական և տեխնիկական խոչընդոտներն ամբողւությամբ վերացած չեն: Պետությունը պետք է բոլոր միջոցառումներն իրականացնի մարդկանց համար հնարավոր բարենպաստ լուծումներով»,-նշել է ՄԻՊ-ը։
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ-ն՝ 9-րդ ծրագրով զինծառայողներին տրված օժանդակության մասին
- Սոցնախ. Պարզեցվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ միջոցառմանը դիմելու կարգը
- Ինչո՞ւ պատասխան չեն ստանում 9-րդ ծրագրի շահառուները
- Սոցիալական աջակցության 9-րդ միջոցառումն արդեն գործում է
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները