Պարետատունն անցնում է ողջախոհության բոլոր սահմանները. Գեղամ Մանուկյան
Պարետատունն արդեն անցնում է ողջախոհության բոլոր սահմանները, տվյալ դեպքում, եթե Աբրահամ Գասպարյանը դիմակ չի կրել, պայմանական ասած՝ մեղավորը նա է, եթե պարետատունը համարում է դա ահռելի մեղք: Այս մասին գրում է tert.am-ը:
«Ես եթերում պարտադրված դիմակ եմ կրում, որը սարսափելի դժվար է, վստահ եմ՝ մեր լուրերի հաղորդավարների համար, որոնք 30-40 րոպեանոց թողարկում են վարում, շատ ավելի դժվար է, ուղղակի անմարդկային պայմաններ են: Ամեն ինչ ողջախոհության մեջ պետք է լինի, տվյալ դեպքում՝ այդ ողջախոհությունը չկա, կոնկրետ հեռուստաընկերությանը, երբ արդեն տուգանում են, ես սկսում եմ մտածել, որ այստեղ դիմակ կրել-չկրելու հարցը չէ, հատկապես «Արմնյուզի» եթերի դեպքում, երբ ամբողջ եթերի ընթացքում դիմակ կրելու կոչով տեսահոլովակ է պտտվում: Բա որ հանկարծ «Արմնյուզը», «Երկիր մեդիան» շուռ գան, պարետատանն ասեն՝ դու էլ բոլոր տրամաբանված քայլերն ես ձախողում, դիցուք երեկ, կառավարության նիստին վարչապետը, առողջապահության նախարարը խոսում են գործարանային արտադրության դիմակներ կրելու անհրաժեշտության մասին, բայց միևնույն ժամանակ պարետատան պատրաստած տեսահոլովակաների մեջ, երկար ձանձրալի տեսահոլովակ կա, երբ դերձակը տնային պայմաններում կտորից դիմակ է պատրաստում»,-ասել է նա:
Գեղամ Մանուկյանն ընդգծել է, որ չկանոնակարգված, չտրամաբանված գործողություններ են իրականացվում:
«Երբ իշխանության նկատամամբ այլ դիրքորոշում ունեցող մեկ այլ լրատվամիջոցի եթերում տեսնում ես առանց դիմակի հարցազրույցներ, և նրանք չեն հայտնվում պարետատան թիրախում, ուրեմն ընտրողական մոտեցում կա», -ավելացրել է նա: