Կոլումբիայի դատարանը դադարեցրել է երկրում ԱՄՆ զինված ուժերի գործունեությունը
Հինգշաբթի օրը Կոլումբիայի դատարանը վճիռ է կայացրել հարավամերիկյան այդ երկրի տարածքում դադարեցնել ԱՄՆ զորախմբի գործունեությունը, մինչև Սենատի (խորհրդարանի վերին պալատի) կողմից ներկայության թույլատվության ստացումը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ այս մասին հաղորդել է «El Tiempo» թերթը:
Թերթի տվյալներով, որոշումը կայացրել է Կունդինամարկայի մայրաքաղաքային վարչական դատարանը:
Այն նախագահ Իվան Դուկին պարտավորեցնում է 48 ժամով դադարեցնել Կոլումբիայում ԱՄՆ-ի զորախմբի ռազմական գործունեությունը: Բացի այդ, պետության ղեկավարը պետք է Սենատ ուղարկի ԱՄՆ զորքերի ժամանման, մնալու և գործունեության հետ կապված բոլոր տեղեկությունները:
Հունիսի սկզբին ԱՄՆ-ից մի խումբ զինվորականներ են ժամանել հանրապետություն: Այցի նպատակը թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի վերաբերյալ կոլումբիացիներին խորհրդատվություն տրամադրելն ու վարժանքների անցկացումն է: