Հնդկաստանը 10 տոննա բժշկական օգնություն է փոխանցել Սիրիային
Հնդկաստանը 10 տոննա բժշկական օգնություն է փոխանցել Սիրիա: Բեռը սիրիական պետական ավիաընկերության ինքնաթիռներով է ժամանել Դամասկոսի միջազգային օդանավակայան: Լուրը հայտնում է Սիրիայի «Ալ-Վաթան» թերթը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Հնդկաստանից 10 տոննա բուժօգնություն է բերվել սիրիական ավիաընկերության ինքնաթիռով (Syrian air), որը Նյու Դելիից էր ժամանել սիրիացի ուսանողների հետ»,- գրում է թերթը:
Դամասկոսի միջազգային օդանավակայանում չվերթը դիմավորել են Սիրիայի փոխարտգործնախարար Ֆեյսալ Միկդադին և Հնդկաստանի դեսպանը:
Ավելի վաղ Սիրիայի առողջապահության փոխնախարար Ահմադ Խլեյֆավին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտնել էր, որ Սիրիայի իշխանությունները նախատեսում են մոտ ապագայում առողջապահության ոլորտում պայմանագրեր կնքել Հնդկաստանի հետ:
Նրա խոսքով, Դամասկոսը Մոսկվայից խնդրել է կորոնավիրուսի դեմ պայքարելու համար անհրաժեշտ դեղամիջոցների ցանկը: Ներկայումս քննարկվում է դրանք Սիրիա մատակարարելու հարցերը:
Հունիսից Սիրիայում դեղամիջոցների արտադրության հետ կապված խնդիրներ են առաջացել՝ կապված անհարժեշտ բաղադրությունների բացակայության հետ: Այն պայմանավորված է Սիրիայի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցներով:
Դամասկոսը դեղերի պակասից խուսափելու համար բանակցություններ է վարում Հնդկաստանի, Չինաստանի, Ռուսաստանի, Իրանի և մի շարք այլ երկրների հետ՝ Սիրիայում դրանց արտադրության համար այլընտրանքային դեղամիջոցների կամ բաղադրությունների մատակարարման շուրջ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին