Ջորջիո Արմանին՝ ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության դեսպան
Իտալացի հայտնի դիզայներ Ջորջիո Արմանին և հանրահայտ խոհարար Ջինո Սորբիլոն Իտալիայում զբոսաշրջությունը վերսկսելու կապակցությամբ դարձել են ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության նոր դեսպաններ:
«Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը (UNWTO) երկու նոր հատուկ դեսպան է նշանակել ամբողջ Եվրոպայում ոլորտի վերագործարկման ֆոնին: Գլխավոր քարտուղարի Իտալիա այցի կապակցությամբ նորաձևության դիզայներ Ջորջիո Արմանիին և անվանի խոհարար Ջինո Սորբիլոյին UNWTO-ն նշանակել է նոր հատուկ դեսպաններ զբոսաշրջության ոլորտում»,-կազմակերպության տարածած հաղորդագրությունը ներկայացնում է «ՌԻԱ նովոստին»:
Կազմակերպությունը նշում է, որ որպես դեսպաններ՝ Արմանին և Սորբիլոն կօգտագործեն իրենց կարգավիճակը և ազդեցությունը կայուն և պատասխանատու տուրիզմի հարցերով ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալության աշխատանքները առաջ տանելու համար:
«Որպես գաստրոնոմիայի և նորաձևության բնագավառի առաջատարներ, նրանք ներկայացնում են իտալական տնտեսության երկու խոշորագույն ճյուղերը և երկու արդյունաբերությունները, որոնք նպաստում են որպեսզի Իտալիան տուրիզմի ոլորտում համաշխարհային առաջատարը լինի: 1975-ին սեփական ընկերության ստեղծումից ի վեր՝ Ջորջիո Արմանին դարձել է իտալական ոճի հոմանիշը: Որպես շեֆ խոհարար՝ Ջինո Սորբիլոն հայտնի է դարձրել ավանդական նեապոլական պիցցան և բացել մրցանակակիր ռեստորաններ ամբողջ աշխարհում»,- ընդգծում է կազմակերպությունը:
Բացի այդ, ինչպես ասվում է մամուլի հաղորդագրության մեջ, նոր նշանակումները կամրապնդեն UNWTO-ի հարաբերությունները Իտալիայի հետ: