Իրավունքի տեսաբան. ՍԴ-ի կազմի վրա ներազդելու հետևանքով օրենսդիրը կարող է հատել իրավունքի սահմանը
«Սահմանադրական փոփոխությունների շուրջ Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումները պահանջում են լուրջ քննարկում՝ պայմանավորված իրավունքի գերակայության համար դրանց հարուցած վտանգներով»,- ՀՀ Սահմանադրություն․ կարմիր և կանաչ գծեր» խորագրով խորհրդաժողովի ժամանակ «Ժողովրդավարություն, իրավունքի գերակայություն և պոպուլիզմ» թեմայով հատուկ զեկուցմամբ հանդես գալով՝ ասաց փաստաբան, իրավունքի տեսաբան Ժիրայր Գերգերյանը (Ֆրանսիա, հեռավար)։
Նրա խոսքով, իր այս մեկնաբանությունները որևէ կողմի դիրքորոշումն ընդունելու նպատակ չունեն, այլ մաս են կազմում մի քանի պարզ սկզբունքների հստակեցման գործընթացի։
«Իրավունքի գերակայությունը պետք է ընկալվի որպես արդարադատության վիճակ, դրություն՝ ոչ այն իմաստով, որ արդարադատությունը վեր է քաղաքականությունից, այլ սահմանադրական համակարգի շրջանակում որպես մասնակցություն իշխանությունների տարանջատմանը, բաժանմանը և հավասարակշռմանը, ինչը կապահովի գործառույթների և իրավասությունների բաշխում և կերաշխավորի որոշակի անվիճելի հիմնարար իրավունքներ՝ հիմնված վերահսկելի ընթացակարգերի վրա»,- նշեց նա։
Ժ. Գերգերյանի խոսքով, ժողովրդավարական ճանապարհով ընտրված ազգային ներկայացուցչության դերը հենց ջանքերի ուղղորդումն է ինստիտուցիոնալ համակագրի շրջանակում, որի անկյունաքարը Սահմանադրությունն է, որը երաշխավորում է իրավունքներն ու ազատությունները կպահպանվեն՝ ի շնորհիվ դատաիրավական երաշխիքի:
«Սահմանադրական դատարանը հիմնարար դեր ունի իրավունքների և ազատությունների պաշտպանության գործում: ՍԴ-ն կարող է հակադրվել այն օրենքերին, որոնք մարմնավորում են խորհրդարանում մեծամասնություն ունեցող կառավարության մոտեցումները:
Հետևաբար Սահմանադրական դատարանի իշխանությունն ունի իրավական բնույթ, և ոչ քաղաքական՝ հիմնված իրավունքի գերակայության վրա: ՍԴ-ն իրականացնում է վերահսկողական գործառույթ, ինչը վերացնելը կամ Սահմանադրական դատարանի կազմի վրա ներազդելն ունենում է ճիշտ այն հետևանքը, որ օրենսդիրը, ի դեմս օրվա խորհրդարանական մեծամասնության, կարող է հատել իրավունքի սահմանը՝ ի վերջո ռիսկի ենթարկելով հիմնարար իրավունքներն ինքին կամ դրանց ծավալը»,- ասաց իրավունքի տեսաբանը:
Ժիրայր Գերգերյանի խոսքով, ՍԴ-ի դերը բխում է այն բանից, ինչն անգլոսաքսոնները կոչում են զսպումներ և հակակաշիռներ կամ հակակշիռ ուժ։
«Սահմանադրական դատարանի դատավորների նշանակումը, նրանց պաշտոնավարման ժամկետը և այդ ժամկետում նրանց անփոփոխելիությունը բխում է անկախության և անաչառության սկզբունքից, որը պետք է գերիշխի՝ ելնելով Սահմանադրության իրավական երաշխավորվածությունից», - ասաց փաստաբան, իրավունքի տեսաբան Ժիրայր Գերգերյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Գալստյան. Եվրոպական դատարանը բավական աչալուրջ է վերաբերվում դատավորների գործերին
- Ռոբերտ Հայրապետյան. Երեք կուսակցությունների՝ դատախազություն ներկայացրած դիմումը բավարար հիմնավորված է
- Իրավունքի դոկտոր. Սահմանադրության նկատմամբ արհամարհական վերաբերմունքը կհանգեցնի աղետալի հետևանքների
- Գրիգոր Մուրադյան. Մեր երկրում խաթարված է Սահմանադրության կայունությունը
- Արթուր Ղամբարյան. Ճանաչել Հայ Առաքելական եկեղեցուն որպես հանրային իրավունքի իրավաբանական անձ
- Անահիտ Մանասյան. Չափազանց կարևոր է, որ Սահմանդրության նկատմամբ մեր վերաբերմունքը լինի որպես սիմվոլի
- Սիրանույշ Սահակյան. Խորհրդաժողովի անցկացման համար Գոշավանքը պատահական ընտրված չէ
- Այսօր Գոշավանքում՝ «ՀՀ Սահմանադրություն․ կարմիր և կանաչ գծեր»