Իրավունքի դոկտոր. Սահմանադրության նկատմամբ արհամարհական վերաբերմունքը կհանգեցնի աղետալի հետևանքների
Սահմանադրությունն իրավանորմերի պետական համակարգի ամենաբարձր աստիճանի վրա է գտնվում, մյուս բոլոր ազգային իրավանորմերի հանդեպ ունի գործողության բացարձակ առաջնություն և ամբողջ ծավալով կաշկանդում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանություններին իբրև անմիջականորեն գործող իրավունք։ «ՀՀ Սահմանադրություն․ կարմիր և կանաչ գծեր» խորագրով խորհրդաժողովի ժամանակ ասաց իրավունքի դոկտոր Գոռ Հովհաննիսյանը (Գերմանիա, հեռավար)։
Նա ընդգծեց, որ Սահմանադրության այս գերակայությունը նշանակում է օրենքի և օրենսդրի ենթակայություն։ Իրավունքի դոկտորի խոսքով, Սահմանադրությունը կազմակերպում է պետական իշխանությունը, կարգավորում է բարձրագույն պետական մարմինների ձևավորման և համալրման կարգը, այդ մարմինների իրավասությունները։
«Քաղաքականությունը պետք է իրականացվի միայն Սահմանադրության սահմանների ներսում։ Այսինքն, քաղաքականությունն ինքը նույնպես ենթակա է Սահմանադրության։ Սահմանադրության պահանջներին հակասող քաղաքականություն վարել անթույլարտրելի է»,- ասաց Գոռ Հովհաննիսյանը։
Նրա խոսքով, պետական իշխանությունը միայն այն ժամանակ է լեգիտիմ, երբ հիմնվում է Սահմանադրության վրա ու մնում է Սահմանադրության շրջանակում. «Սահմանադրության սահմաններից դուրս եկող ցանկացած պետական իշխանություն ոչ լեգիտիմ է, հակասահմանադրական ու անվավեր»։
Ամփոփելով խոսքը՝ Գ.Հովհաննիսյանը նշեց, որ Սահմանադրությունն ազգային իրավունքի բարձրագույն աղբյուրն է ու պետության ֆունդամենտը, այն պետք է արժանանա խորը հարգանքի և պահպանվի պետական իշխանության և քաղաքականության իրականացման յուրաքանչյուր դեպքում։
«Սահմանադրությունն անտեսել չի կարելի, Սահմանադրության նկատմամբ արհամարհական վերաբերմունքը կհանգեցնի աղետալի հետևանքների», - ասաց Գոռ Հովհաննիսյանը։
Նրա ցանկությունն է, որ այս ամենը լավ գիտակցվի հայ հասարակության կողմից և նրա մեջ ձևավորվի պատշաճ հարգանք իր երկրի Սահմանադրության հանդեպ։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Ղամբարյան. Ճանաչել Հայ Առաքելական եկեղեցուն որպես հանրային իրավունքի իրավաբանական անձ
- Անահիտ Մանասյան. Չափազանց կարևոր է, որ Սահմանդրության նկատմամբ մեր վերաբերմունքը լինի որպես սիմվոլի
- Սիրանույշ Սահակյան. Խորհրդաժողովի անցկացման համար Գոշավանքը պատահական ընտրված չէ
- Այսօր Գոշավանքում՝ «ՀՀ Սահմանադրություն․ կարմիր և կանաչ գծեր»