Իսրայելը հետաձգում է Արևմտյան ափի անեքսիան
Իսրայելը որոշել է հետաձգել Արևմտյան ափի անեքսիան, առաջիկա օրերին գործողությունը չի իրականացվի: Այս մասին, Lenta-ի հաղորդմամբ, հայտնել է Իսրայելի արտաքին գործերի նախարարության ղեկավար Գաբի Աշկենազին։
«Սա այսօր կամ վաղվա մեր օրակարգում չէ: Ես չգիտեմ, թե արդյոք կկիրառվի ինքնիշխանությունը, բայց կարող եմ ասել, որ արտաքին գործերի նախարարությունը պատրաստում է դիվանագիտական գնահատականներ, իսկ պաշտպանության նախարարությունը՝ գնահատում է անվտանգության ռիսկերը»,- ասել է Աշկենազին։
Ըստ Աշկենազիի, այդ պլաններն արդեն քննարկվել է ավելի քան 30 արտգործնախարարների հետ, հիմնականում ԵՄ երկրներից, որոնցից շատերը դեմ են եղել բռնակցմանը:
Արտգործնախարարը խոստացել է «հաշվի առնել այս դիրքորոշումը»:
Նշենք, որ հուլիսի 1-ին նախանշված էր Իսրայելի կողմից Հորդանան գետի Արևմտյան ափի և Հորդանանի հովտի բռնակցման ծրագրի մեկնարկը։ Դե-յուրե պաղեստինցիներին պատկանող տարածքների անեքսիայի գործընթացը ենթադրում էր լուրջ հարված միջազգային իրավունքի և տարածաշրջանային անվտանգության համակարգերին։