Բրիտանացիների շուրջ 57% -ը չի ցանկանում վերադառնալ գրասենյակային աշխատանքի
Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված կարանտինի ընթացքում տնից աշխատած բրիտանացիները սահմանափակումների վերացումից հետո ևս չեն ցանկանում վերադառնալ գրասենյակներ, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով «Theta Financial Reporting»-ի ուսումնասիրությանը։
Մեծ Բրիտանիայում կարանտին հայտարարվեց մարտի 23-ին։ Հունիսի կեսերից որոշ սահմանափակումներ հանվեցին։ Վերացել են զբոսանքի սահմանափակումները, խանութները, ռեստորանները և պանդոկները սկսել են աստիճանաբար բացվել։
Այնուամենայնիվ, երկիրը դեռ կարանտինում է. մարդկանց խորհուրդ է տրվում աշխատել տնից, զանգվածային միջոցառումներն արգելված են, իշխանությունները հորդորում են ուղևորությունների չգնալ, եթե դրանք խիստ անհրաժեշտ չեն: Ամենամեծ հավաքույթները կարող են լինել առավելագույնը վեց հոգանոց, այն էլ մի դեպքում, երբ մասնակիցները կպահպանեն սոցիալական երկու մետր հեռավորությունը։
«Աշխատող բրիտանացիների երկու երրորդը, կամ 65%-ը, իրենց լավ չեն զգում աշխատանքի համար գրասենյակ գնալիս: Նրանք աշխատանքի գնալու ժամանակահատվածը համարում են առավել սթրեսային: Բրիտանացիների շուրջ 57% -ը չի ցանկանում վերադառնալ գրասենյակային աշխատանքի»,- ասվում է ուսումնասիրության մեջ:
Ուսումնասիրության համար հարցումներ են անցկացվել Բրիտանիայի երկու հազար աշխատող քաղաքացիների շրջանում: