Թուրքիան նախազգուշացնում է. կպատասխանի, եթե ԵՄ-ն նոր պատժամիջոցներ ձեռնարկի իր դեմ
Թուրքիան կպատասխանի իր սեփական քայլերով, եթե Եվրամիությունը հետագայում պատժամիջոցներ սահմանի Անկարայի դեմ։ Այս մասին, Reuters-ի հաղորդմամբ, նախօրեին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ ԵՄ արտաքին հարաբերությունների գծով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ հանդիպելուց հետո:
Նշվում է, որ Ֆրանսիայի արտգործնախարարն անցած շաբաթ ասել էր, որ ԵՄ նախարարները կքննարկեն Թուրքիայի հարցը հուլիսի 13-ին, հավելելով, որ Անկարայի դեմ նոր պատժամիջոցները կարող են դիտարկվել, բացի այն, որ սահմանվել է Կիպրոսի տնտեսական գոտում Թուրքիայի հորատման ուղղությամբ ձեռնարկված քայլերի համար:
«Եթե ԵՄ-ն լրացուցիչ որոշում կայացնի Թուրքիայի դեմ, մենք ստիպված կլինենք պատասխանել դրան», - ասել է Չավուշօղլուն՝ Բորելի հետ մամուլի ասուլիսում:
Փետրվար ամսվա ընթացքում Եվրամիությունը երկու անձի նկատմամբ սահմանել է ճանապարհորդության արգելք և ակտիվների սառեցում՝ Կիպրոսի ծովային տնտեսական գոտում Թուրքիայի հորատման գործում իրենց դերի համար:
Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիան թույլ չի տա իրեն պատանդ պահել Հունաստանի և Կիպրոսի կողմից և կոչ է արել ԵՄ-ին լինել «ազնիվ միջնորդ»: