ՏՄՊՊՀ-ն քննարկել է «Թիմ» և «Վեոն Արմենիա» ընկերությունների համակենտրոնացման վերաբերյալ հարցը
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվել է «Թիմ» ՍՊԸ և «Վեոն Արմենիա» ՓԲԸ դիմումի հիման վրա հարուցված համակենտրոնացման վերաբերյալ վարչական վարույթում առկա փաստական հանգամանքների հարցը։
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նիստի դռնբաց հատվածում զեկուցողի կողմից ներկայացվել են հարցի հիմնական ուղղությունները: Մասնավորապես նշվել է, որ 2020 թվականի հունիսի 8-ին վերոնշյալ ընկերությունները դիմել են ՏՄՊՊՀ՝ հայտնելով, որ «Թիմ» ՍՊԸ-ն նախատեսում է ձեռք բերել «Վեոն Արմենիա»-ի 100 % փայաբաժինը՝ խնդրելով թույլատրել համակենտրոնացումը, ինչի հիման վրա սահմանված կարգով վարույթ է հարուցվել։
«Վեոն Արմենիա»-ն իրականացնում է ամրակցված, շարժական հեռախոսակապի և ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցում, սարքավորումների վաճառք։ Ընկերությունների կողմից ներկայացված դիմումի համաձայն՝ համակենտրոնացումը դրական ազդեղություն կունենա հեռահաղորդակցության ոլորտի վրա՝ նոր ծառայությունների մատուցման, ինչպես նաև գների իջեցման միջոցով:
ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը նշել է, որ հանձնաժողովը ՀՀ հեռահաղորդակցական ոլորտի լայնածավալ ուսումնասիրություն է իրականացրել, ուսումնասիրվել են վերջին 5 տարիներին աշխարհում տեղի ունեցող զարգացումները և համակենտրոնացման գործարքները, գնահատվել է շուկայի կենտրոնացվածության աստիճանը, շուկայի հիմնական խաղացողների տեխնիկական հնարավորություններն ու կարողությունները, մասնաբաժինները, առաջարկվող ծառայությունների փոխադարձ փոխարինելիության հնարավորությունները, ուսումնասիրվել են խնդրո առարկա ապրանքային շուկաները և այլն։
Համակենտրոնացման մասնակիցների խնդրանքով նիստի հիմնական հատվածն անցկացվել է գաղտնի ռեժիմով՝ հաշվի առնելով, որ քննարկումների ընթացքում ներկայացվելու է առևտրային գաղտնիք պարունակող տեղեկատվություն։
Հանձնաժողովի նախագահի հարցմանն ի պատասխան «Թիմ» ՍՊԸ պատասխանատուն հավաստիացրել է, որ համակենտրոնացման գործարքի թույլտվության դեպքում ընկերության աշխատակիցների զանգվածային կրճատումներ տեղի չեն ունենալու:
«ԹԻՄ» ՍՊԸ նույնպես տարածել է հաղորդագրություն ՏՄՊՊՀ նիստի վերաբերյալ՝ նշելով, որ նիստի ընթացքում շոշափվել են ռազմավարական զարգացման, ներդրումային քաղաքականության, մարդկային կապիտալի ներգրավման և մի շարք այլ հարցեր։
«Գործարքից հետո նոր կազմակերպությունը բռնելու է զարգացման նոր ուղի, որտեղ ամենակարևորը մարդկային կապիտալն է․ մենք պատրաստվում ենք մի շարք ծառայությունների սպասարկումը տեղափոխել և իրականացնել մեր աշխատակիցների ուժերով, ինչը ենթադրում է աշխատատեղերի ավելացում։ Կառուցվելիք նոր սերնդի ցանցը (NGN) նոր հնարավորություններ է բացելու Հայաստանի տնտեսական զարգացման համար»,- հայտնում են «ԹԻՄ» ՍՊԸ-ից։
Հարակից հրապարակումներ`
- ՏՄՊՊՀ-ն կարճել է «ՎԵՈՆ Արմենիա» և «Յուքոմ» ՓԲԸ-ների համակենտրոնացման մասին վարույթը
- ՏՄՊՊՀ-ն քննարկել է «Վեոն Արմենիա» և «Յուքոմ» ՓԲԸ-ների համակենտրոնացման վերաբերյալ հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին