Քաղաքացին հակադարձում է Թորոսյանին. 80-90 հազար դրամը մեկ մարդու բուժման համար մատչելի՞ է
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությունը՝ կորոնավիրուսի բուժման մատչելի լինելու վերաբերյալ վարակակիրներն իրականությունից կտրված են համարում։
«Ես հենց առաջին ախտանիշների ի հայտ գալուն պես այցելել եմ այն պոլիկլինիկան, որտեղ գրանցված եմ»,- պատմում է խմբագրություն դիմած հիվանդը։
Պոլիկլինիկայում միայն թեստավորումն է իրականացվել անվճար, վճարել է թոքերի սոնոգրաֆիայի համար, նաև այլ հետազոտությունների, որոնք ընդհանուր առմամբ կազմել են 20 հազար դրամ։
Ու քանի որ հիվանդի մոտ երկկողմանի թոքաբորբ է արձանագրվել, բժիշկը կատարել է նշանակումները՝ չսպասելով թեստի պատասխանին։
«Միայն մեկ անգամ դեղերը գնելիս վճարել եմ ավելի քան 47 հազար դրամ, ևս տասը հազար դրամ վճարել եմ կիսատ գնած դեղերի համար, քանի որ նույն դեղատանը չկային։ Պոլիկլինիկայում որևէ դեղամիջոց անվճար չեն տրամադրել»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց քաղաքացին՝ ավելացնելով, որ ընդհանուր առմամբ միայն իր բուժման համար ծախսվել է 80-90 հազար դրամ։
Ու քանի որ կորոնավիրուսը վարակիչ է, ըստ նրա, այդ գումարը պետք է բազմապատկել ընտանիքի անդամների թվով։
«Ես այս ընթացքում հասկացա, որ ուղեկցող խրոնիկ հիվանդություններից մեկն էլ, որը կարող է հանգեցնել հիվանդի մահվան, փող չունենալն է»,- նշում է նա։
Արսեն Թորոսյանը նաև հայտարարել էր, եթե «իսկապես այլ դեղերի կարիք կա, ապա այդ քաղաքացին չպետք է բուժվի տանը, պետք տեղափոխվի հիվանդանոց, բուժման համար նախատեսված դեղերի մի մասը, հատկապես թանկերը, նախարարությունը կենտրոնացված է գնել և բաշխել է բոլոր պոլիկլինիկական համակարգերին»։
«Ուրեմն այս պահանջի մասին պոլիկլինիկաները տեղեկացված չեն, եթե ես այցելում եմ, անհրաժեշտ ստուգումներն անցնում եմ, ինչո՞ւ ինձ ոչ մեկ չի ասում, որ պետք է հոսպիտալացվեմ ու անվճար բուժում ստանան։ Ինչո՞ւ ինձ այդ մասին չեն ասում պարետատնից, Հիվանդությունների կանխարգելման ու վերահսկման կենտրոնից, ինչո՞ւ, երբ հարցնում են սննդի կարիք ունեք, չեն ասում, որ ձեզ այս դեղերն են հասնում։ Այնպես որ, հերթական անգամ նախարարը ճիշտ չի ասում»,- նշում է հիվանդը։
Panorama.am-ն ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանինց խնդրեց տրամադրել դեղերի ցանկը, որոնք անվճար տրամադրվում են հիվանդներին։
«Այստեղ ամեն ինչ կա»,- ասաց ԱՆ խոսնակը՝ տրամադրելով այս հղումը։
Ուշադրություն՝ դեղերը նշանակված են հստակ ախտորոշման հիման վրա, ընթերցողներին խորհուրդ ենք տալիս առանց բժշկի խորհրդակցության, չընդունել դրանք, կարող են ունենալ վտանգավոր հետևանքներ։