Կայացել է Հայաստան-ԵԽ 2019-2022 թթ. գործողությունների ծրագրի ղեկավար կոմիտեի հեռավար հանդիպումը
Հուլիսի 7-ին կայացել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թթ. Գործողությունների ծրագրի Ղեկավար կոմիտեի հեռավար հանդիպումը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից, հանդիպմանը բացման խոսքով հանդես են եկել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը և Եվրոպայի խորհրդի Գլխավոր տնօրինության ծրագրերի գրասենյակի տնօրեն Վերենա Թեյլորը:
Քննարկումներին մասնակցել են Գործողությունների ծրագրում ներառված նախագծերին մասնակցող ՀՀ գերատեսչությունների բարձրաստիճան ներկայացուցիչները, ԵԽ քարտուղարությունում և ԵԽ հայաստանյան գրասենյակում դրանց իրականացման պատասխանատուները:
ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն անդրադարձել է Գործողությունների ծրագրի իրականացման ընթացքին և շեշտել, որ դրանց հաջող իրականացումը կարևոր նշանակություն ունի Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման համար:
ԱԳ նախարարի տեղակալը ՀՀ կառավարության անունից շնորհակալություն է հայտնել ԵԽ-Հայաստան Գործողությունների ծրագրի դոնոր կազմակերպություններին և երկրներին, մասնավորապես՝ Եվրոպական միությանը, Նորվեգիային, Շվեդիային, Ավստրիային, Շվեյցարիային, Միացյալ Թագավորությանը, Գերմանիային, Իռլանդիային, Լիխտենշտեյնին, ինչպես նաև Երեխաների նկատմամբ բռնության վերացման հիմնադրամին:
Հանդիպման ընթացքում ներկայացվել են մարդու իրավունքների պաշտպանության ու խթանման, իրավունքի գերակայության և ժողովրդավարական կառավարման ոլորտներում Եվրոպայի խորհրդի հետ իրականացված ծրագրերի արդյունքները:
Հայկական կողմը վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ շարունակելու սերտ համագործակցությունը Գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ: