Փաստաբան. Պետությունը թերանում է կանանց նկատմամբ բռնությունը կանխելու ուղղությամբ գործողությունների ընթացքում
«Հստակորեն կարող ենք արձանագրել, որ իրավապահ համակարգը գենդերային զգայնության տեսանկյունից գտնվում է բավական ցածր որակների վրա»,- «Գենդերային խտրականությամբ պայմանավորված բռնությունը հանրային տարածքում. պետության արձագանը» թեմայով քննարկմանն ասաց Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի ներկայացուցիչ, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ երբ խոսքը գնում է սեռով պայմանավորված բռնության մասին, իրավապահ մարմինների զգայնությունը բացակայում է չնայած առկա իրական կարգավորումներին, որոնք կատարյալ չեն, բայց առկա են օրենսդրության մեջ։
«Դրանք որևէ կերպ չեն դառնում իրողություն, պայմանավորված է մարդկային գործոնով։ Այն հասարակությունը, որը մենք ունենք, գենդերային զգայնության տեսանկյունից բավական կարծատիպային, խտրական պատկերացումներ ունի, այդ հասարակության մասն է կազմում նաև իրավապահ համակարգում ներգրված անձիք, որոնք չենք ստանում բավարար կրթություն, բավարար վերապատրաստումներ»,- նշեց իրավապաշտպանը։
Նա նաև նշեց, որ 2013 թվականից ՀՀ-ում առկա են հակագենդերային շարժումներ։
Քննարկմանը ներկա գենդերային խտրականությամբ զուգորդված հանցագործությունից տուժած անձ Սիրանուշ Մանուչարյանը ներկայացրեց իր հետ կապված միջադեպը «Կամք» նախաձեռնության անդամների հետ, որը տեղի էր ունեցել 2019 թ. դեկտեմբերի 10-ին ԱԺ-ի դիմաց։ Դեպքի առթիով հարուցվել էր քրեական գործ։
Տուժողի փաստաբան Լուիզա Վարդանյանն ասաց, որ ծեծի և այլ բռնի գործողություններ կատարելու հոդվածով է քրեական գործ հարուցվել, սակայն հետագայում տեղեկացել են, որ քրեական գործը կարճվել է, քանի որ հանցակազմ առկա չէ։
«Գործի նյութերին ծանոթանալով՝ տեսանք, որ հանցավոր ոտնձգություն իրականացրած անձիք նշել են, որ տուժողն աղջկան ոչ հարիր վարքագիծ է դրսևորել։ Փաստացի առկա է գենդերային կարծրատիպերի հիման վրա իրականացրած գործողություն, բռնություն։ Երբ այս մասին բարձրաձայնել ենք վարույթ իրականացնող մարմնի մոտ, դրան ուշադրություն չդարձրեց, միջնորդությունը մերժվել է՝ նշելով, որ որևէ հանգամանք, ապացույց ձեռք չի բերվել, որը փաստում է, որ բռնությունը տեղի է ունեցել գենդերային խտրականությամբ զուգորդված»,- նշեց նա։
Լ. Վարդանյանի խոսքով, պետությունը մի շարք միջազգային պարտավորություններ է ստանձնել, այդ թվում նաև կանանց և տղամարդկանց իրավահավասարությունն ապահովելու ուղղությամբ, ինչն ուղղակիորեն տեղ է գտել Սահմանադրությունում, պետությունը մի քանի փուլով պետք է գործողություններ իրականացնի այդ պարտականությունները պատճաշ կատարելու համար։
«Քանի որ պետության մեխանիզմները մի կողմից կատարյալ չեն, մյուս կողմից էլ այդ ոչ կատարալ մեխանզիմներն ամբողջությամբ չեն գործարկվում, տեսնում ենք, որ պետությունն ուղղակիորեն թերանում է կանանց նկատմամբ իրավահավասարություն ապահովելու և բռնությունը կանխելու ուղղությամբ գործողություններ կատարելու ընթացքում»,- ասաց պաշտպանը։
Նա ընդգծեց, որ թե ոստիկանները, թե քննիչները, թե դատախազները, հետագայում դատավորներն ամեն կերպ խուսափում են անդրադառնալ այս թեմային։
Հարակից հրապարակումներ`
- «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան պահանջներ է ներկայացրել ԱԺ-ին ու իրավապահ մարմիններին
- Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի անդրադարձը՝ մեդիադաշտում առկա գենդերային բռնությանը
- Ասացեք «Ո՛չ» կանանց նկատմամբ բռնություններին․ ԵԽ ուղերձները Մարտի 8-ի առթիվ
- Հայաստանը Գենդերային հավասարության զեկույցում 149 երկրներից 98-րդ տեղում է
- Կանանց նկատմամբ բռնության կանխարգելման համար անհրաժեշտ է համատեղ աշխատանք․ Պաշտպան