Խուդոյանի ելույթին ի պատասխան դատախազը սպառնաց պատասխանել իր տերմինաբանությամբ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը, ներկայացնելով առարկություն մեղադրող դատախազի միջնորդության վերաբերյալ, մեղադրող կողմի հնչեցրած հիմնավորումները սուտ որակեց։
Նա մեջբերեց դատախազի՝ նախորդ նիստում ներկայացրած միջնորդությունից մի հատված։
«Պաշտպանության կողմը կրկնել է միջնորդությունները՝ ընդ որում չկարողանալով ձևական կերպով փոփոխելով դրա հիմքը։ Սա ասում է դատախազությունն ու շարունակում.
«Բանն այն է, որ ինքնաբացարկի յուրաքանչյուր միջնորդություն ներկայացնելիս պաշտպանական կողմը չի վկայակոչել դատարանի նոր վարքագիծ կամ խոսք, որը կանխակալության մասին խոսելու հիմք կտա։ Նրանք նշել են, որ դուք անկողմնակալ չեք, քանի որ մերժել եք նրանց ներկայացրած առաջին, երկրորդ, երրորդ միրջնոդությունը։ Այդ պնդումը ճիշտ բնութագրող բառը, հարգելի դատարան, սուտն է։ Էական տարբերություններ կան արտահայտությունների մեջ, երբ ասում ենք սխալ ու երբ ասում ենք սուտ։ Այսպիսի սխալ ինֆորմացիային, հարգելի դատարան, տարբեր իրավիճակներում տարբեր կերպ կարող են արձագանքել։ Կենցաղային մակարդակում, առնվազն իմ սերնդակիցների մոտ արձագանքը շատ կարճ է լինում, որոշակի արտահայտություններով սահմանափակվում էին սուտ խոսացող անձի հասցեին ու անցնում էին առաջ»,-ասաց փաստաբանը։
Սա բարկացրեց դատախազ Գևորգ Բաղդասարյանին, դատարանին խնդրեց կարգի հրավիրել դատավարության մասնակցին։
«Թե չէ ես իմ իմացած տերմինաբանությամբ կպատասխանեմ։ Իմ տարեկիցների մոտ էլ տերմիններ կան, որոնք դուք չեք կարող իմանալ»,-ասաց Բաղդասարյաը։
Դատավոր Դանիբեկյանի միջամտությունից հետո վիճաբանությունը դադարեցվեց։ Դատավորը հորդորեց ներկայացնել բացառապես իրավական հիմնավորումներ, չարտահայտել վիրավորանք պարունակող բառեր ու կենցաղային արտահայտություններ։
«Նման արտահայտությունների դեպքում կսահմանփակենք Ձեր ելույթը»,-պաշտպանին ասաց դատավորը։
«Եթե շեշտադրեք որևէ արտահայտություն, որը վիրավորական է եղել, ես ներողություն կխնդրեմ»,-ի պատասխան հայտարարեց Խուդոյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 23-ի նիստում մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը միջնորդություն էր ներկայացրել, խնդրելով դատարանին սահմանափակել պաշտպանական կողմի՝ տարբեր տեսակի միջնորդություններ ներկայացնելու դատավարական իրավունքը։ Ըստ նրա՝ պաշտպանների նման գործողությունները թույլ չեն տալիս իրենց ընթերցել մեղադրական ճառի եզրափակիչ մասը։
Հարակից հրապարակումներ`
- Սեյրան Օհանյանի ու Յուրի Խաչատուրովի փաստաբանները պնդեցին քրգործի վարույթը կասեցնելու մասին իրենց միջնորդությունները
- Խաչատուրովի փաստաբանի թեստի պատասխանը բացասական է
- Ռոբերտ Քոչարյանի գործով նիստը հետաձգվեց
- Ռոբերտ Քոչարյանն առաջարկեց ընդմիջել նիստն ու ախտահանել դատարանի դահլիճը