ՃՈ. 60 կմ/ժ արագություն սահմանելու որոշումը կարող է փոփոխվել, եթե սպասված արդյունքը չտա
2019 թվականի վիճակագրական տվյալների հիման վրա արված վերլուծությունները, այն ճանապարհներին, որտեղ սահմանված է առավել բարձր արագություն, քան բնակավայրերի համար ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված 60 կմ/ժ-ն է, ապա այդ հատվածներում բավական բարձր է վթարայնության ցուցանիշը։ Նշել է Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արման Չիլինգարյանը։ Նա ընդգծել է, որ խոսքը վերաբերում է հատկապես զոհերով և վիրավորներով ճանապարհատրանսպորտային պատահարներին։
Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին ոստիկանությունը հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ հուլիսի 18-ից մայրաքաղաքի մի շարք փողոցներում իրականացվում է ճանապարհային երթևեկության կազմակերպման փոփոխություն։ Երևանի մի շարք փողոցներում սահմանված առավելագույն արագությունը իջեցվում է 60 կմ/ժ։ Այդ ճանապարհահատվածներն են՝ Իսակովի պողոտա, Թբիլիսյան խճուղի, Մոնթե Մելքոնյան, Աճառյան, Դավիթ Բեկի փողոցներ, Մյասնիկյան պողոտա, Սարալանջի փողոց և Աշտարակի խճուղի:
«ՃՏՊ-ների նախականխման, առավել ծանր հետևանքների կանխման ու նվազեցման նպատակով է հենց նախատեսվում իրականացնել նշված փոփոխությունը»,-ասել է ՃՈ պաշտոնյան։
2019 թվականի ցուցանիշներով՝ Երևանում տեղի է ունեցել 2172 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զոհվել է 86 և մարմնական վնասվածքներ ստացել 2801 մարդ։
Երևանի համար ծանրության գործակիցը կազմել է 2,9 կամ ավելի պատկերավոր ասած՝ պատահարների հետևանքով յուրաքանչյուր 1000 տուժածի դեպքում 29 զոհ է եղել։ Ինչ վերաբերում է նշված փողոցներին / Իսակովի պողոտա, Թբիլիսյան խճուղի, Մոնթե Մելքոնյան, Աճառյան, Դավիթ Բեկի փողոցներ, Մյասնիկյան պողոտա և Սարալանջի փողոց, Աշտարակի խճուղի /, ապա 2019 թվականին այս հատվածներում պատահարները եղել են 227։ Արդյունքում զոհվել է 18 մարդ, մարմնական վնասվածքներ ստացել՝ 318-ը։ Այս հատվածներում ծանրության գործակիցը եղել 5,3, կամ ավելի պատկերավոր՝ պատահարների հետևանքով յուրաքանչյուր 1000 տուժածներից եղել է 53 զոհ։
Բացի այդ, Երևանում տեղի ունեցած պատահարների 10,5 %-ը նշված 8 փողոցներում է եղել։ Զոհերի թիվը այդ փողոցներում կազմել է Երևանի տեղի ունեցած պատահարների հետևանքով ընդհանուր զոհերի 20 %-ը։
«Այսինքն, այս դեպքում ևս, զոհերի թվի հետ կապված, ունենք կրկնակի ավելի ցուցանիշ։ Երևանում կա մոտ 170 քաղաքային նշանակության փողոց, և այդ 8 փողոցները կազմում են ընդհանուր ցանցի 4,7 տոկոսը։ Արդյունքում՝ 4,7 տոկոս հատվածում ունենք 10,5 տոկոս պատահարներ, 20,9 տոկոս զոհեր և 11,3 տոկոս վիրավորներ։ Նման պատկերը ցույց է տալիս, որ այս հատվածներում բավական բարձր է ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքի ծանրության աստիճանը»,-նշել է Չիլինգարյանը։
Նա նշել է, որ առաջարկվող փոփոխությունը հետագայում կարող է չարդարացվի, և այդ դեպքում պետք է կամ այլ միջոցառում իրականացնել կամ վերադառնալ նախկինին։