Առաջարկվում է մայթեզրերը «բեռնաթափել» վաճառքի դրված կամ վարձակալությամբ տրվող մեքենաներից
«Մենք Հանրապետության ողջ տարածքում խնդիր ունենք տրասպորտային միջոցների՝ մայթեզրերին կայանելու հետ կապված»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը՝ ներկայացնելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։
Նրա խոսքով, հատկապես մայրաքաղաքի տարածքում կան հատվածներ, որտեղ մայթեզրերը վերածվել են մեքենաների «վաճառքի շուկայի»։
Պաստգամավորը ներկայացրեց, որ բերված օրենքի նախագծով առաջարկվում է այդ «շուկաները» տեղափոխել մեկ այլ վայր։
«Այս դեպքում ավելի բարենպաստ պայմաններում կկազմակերպվի այդ տրանսպորտային միջոցների վաճառքը կամ վարձույթը։ Այս հարցը մենք մանրամասն քննարկել ենք կառավարության ներկայացուցիչների հետ, ստացել ենք առաջարկություններ և ամբողջությամբ ընդունել ենք»,- նշեց Նիկոլայ Բաղդասարյանը։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ կլիներ, որ օրենքի նախագիծը սեպտեմբերին բերվեր խորհրդարան, այլ ոչ՝ արտահերթ նիստով։
Ն. Բաղդասարյանն էլ պատասխանեց՝ նախորդ նստաշրջանում օրակարգն արդեն իսկ կար, որին Արարատ Միրզոյանն արձագանքեց ՝ էդ գիտեմ։ Նիկոլայ Բաղդասարյանն էլ շարունակեց, և քանի որ չէր քննարկվել նախորդ նստաշրջանում, ավտոմատ տեղափոխվել և այսօր է քննարկվում։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն էլ նշեց, որ շատ լավ միտք է կայանատեղիները վաճառվող մեքենաներից բեռնաթափելը. «Բայց հարց է առաջանում՝ արդյո՞ք կա քաղաքապետարանի հետ պայմանավորվածություն՝ այդ մեքենաների համար տեղ հատկացնելու հետ կապված»։
Պատասխանելով պատգամավորի հարցին՝ Ն.Բաղդասարյանն ասաց՝ համայնքի ղեկավարի հետ հարցը քննարկվել է.
«Մենք կարծում ենք, որ այդ շուկան կլինի Երևան քաղաքի սահմաններից դուրս»։
Արձագանքելով՝ Գևորգ Գորգիսյանը նշեց, որ մարդիկ բազմաթիվ ծախսեր են արել, գնել են այդ մեքենաները, որոշ դեպքերում վարկերով կամ գրավադրմամբ, և այժմ պետք է կարողանան այդ մեքենաներն իրացնել։
«Ես ուզում եմ, որ դուք խոստանաք՝ մինչև օրենքի ուժի մեջ մտնելը քաղաքացիներին կտրվի տեղ, որտեղ նրանք կկարողանան կազմակերպել մեքենաների վաճառքը»,- ասաց պատգամավորը։
Նիկոլայ Բաղդասարյանն էլ արձագանքեց՝ խոստանում եմ։
Հարակից հրապարակումներ`
- Կարմիր գծերը փաստացի կվերանան Երևանի 12 վարչական շրջաններից 10-ում.Սիսակ Գաբրիելյան
- «Կարմիր գծից» այն կողմ մարդիկ կարող են անվճար կայանել ոչ թե 5, այլ 15 րոպե