Սեուլի քաղաքապետ Պակ Վոն Սունին մահացած են գտել
Հարավային Կորեայի իշխանությունները հայտնաբերել են կորած համարվող Սեուլի քաղաքապետ Պակ Վոն Սունի դին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հինգշաբթի օրը հայտնել է չինական CGTN հեռուստաալիքը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Իր հերթին Yonhap գործակալությունը հայտնում է, որ քաղաքապետի որոնումները շարունակվում են:
Ավելի վաղ Պակ Վոն Սունի դուստրը ոստիկանությանը հայտնել էր հոր անհետացման մասին:
Ըստ իրավապահ մարմինների և քաղաքապետարանի աշխատակազմի, քաղաքապետը լքել էր նստավայրը տեղական ժամանակով ժամը 10:44-ին: Նրա հագին եղել էր մուգ հագուստ և սև ուսապարկ: Դրանից քիչ առաջ Սեուլի աշխատակազմը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ «պարտադրված հանգամանքների» պատճառով քաղաքապետի աշխատանքային գրաֆիկով նախատեսված հանդիպումներից մեկը հետաձգվել է:
Գործակալության տվյալներով՝ հինգշաբթի օրը ժամը 16:40-ին քաղաքապետը պետք է հանդիպեր Նախագահ Կիմ Սա Յոլին կից գործող Պետության համաչափ զարգացման հանձնաժողովի նախագահի հետ, սակայն վատ ինքնազգացողության պատճառով Պակ Վոն Սունը չէր գնացել աշխատանքի:
Վերջին անգամ Սեուլի քաղաքապետի հեռախոսային ազդանշանը արձանագրվել էր մայրաքաղաքի հյուսիսային Սոնբուկ թաղամասում գտնվող Գիլսանսի տաճարի տարածքում: Ոստիկանությունը ներգրավել է ծառայողական շներ և անօդաչու սարքեր: YTN հեռուստաալիքի տվյալներով, գործողությանը մասնակցում է մինչև 200 մարդ, որոնումները բարդանում են մթնշաղի պատճառով: