ԱԺ-ն ընդունեց զոհված զինծառայողների ծնողների և ամուսինների անվճար կրթության մասին և այլ օրենքներ
«Զոհված զինծառայողների ծնողներն ու ամուսինները կկարողանան անվճար հիմունքներով բարձրագույն կրթություն ստանալ»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ ներկայացնելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։
Հարակից զեկուցող Արմեն Խաչատրյանը նշեց, որ ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովը նախագծին դրական եզրակացություն է տվել։
Նշենք, որ օրենքը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց։ Կողմ էր 86 քվեարկել պատգամավոր
Խորհրդարանն ամբողջությամբ ընդունեց նաև «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։ Կողմ էր քվեարկել 83 պատգամավոր։
Ամբողջությամբ ընդունվեց նաև «Պետական նպաստների մասին» և «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքներում փոփոխություններ անելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։ Կողմ էր քվեարկել 85 պատգամավոր։
«Դատախազության մասին օրենքում» փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ևս երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց։ Կողմ էր քվեարկել 85 պատգամավոր։
Օրենսդիրն ընդունեց նաև «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Կողմ էր քվեարկել 85 պատգամավոր։
Նշենք, որ քվեարկությանը չի մասնակցել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը։
Նիստի ավարտին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ հաջորդ շաբաթ ևս մեկ արտահերթ նիստ է գումարվելու։
Հարակից հրապարակումներ`
- Այսուհետ դատախազությունը թափուր հաստիքների համար արտահերթ մրցույց կանցկացնի
- Երեխայի խնամքի նպաստ կտրամադրվի միկրոձեռնարկատիրության վարձու աշխատողներին
- Վերահսկողություն կիրականացվի սահմանվածից ավելի ծանրաբեռնված բեռնատարների նկատմամբ
- Զոհված զինծառայողների ծնողներն ու ամուսինները կկարողանան բուհերում անվճար սովորել