Երեխայի խնամքի նպաստ կտրամադրվի միկրոձեռնարկատիրության վարձու աշխատողներին
«Առաջարկում ենք միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող գործատուների վարձու աշխատողներին խնամքի, ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստի հարցը կարգավորել»,- խորհրդարանում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը՝ ներկայացնելով «Պետական նպաստների մասին» օրենքում և «Ժամանակավոր անաշխատունակության մասին և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։
Նրա խոսքով, առաջարկվում է երեխայի խնամքի նպաստ հատկացնել նաև միկրոձեռնարկատիրական սուբյեկտ համարվող գործատուի վարձու աշխատողին, եթե վերջինս գտնվում է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում։
«Միաժամանակ, միկրոձեռնարկատիրական սուբյեկտ համարվող գործատուի վարձու աշխատողին վերապահվում է նաև ժամանակավոր անաշխատունակության նպաստի իրավունք, իսկ մայրության նպաստը, ի տարբերություն գործող իրավակարգավորումների, կնշանակվի և կվճարվի գործատուի միջոցով։ Իհարկե, խոսքը չի վերաբերում նպաստի ֆինանսավորման աղբյուրենրին, մայրության նպաստները շարունակելու են ֆինանսավորվել պետական բյուջեի միջոցների հաշվին»,- ներկայացրեց փոխնախարարը։
Սմբատ Սաիյանի խոսքով, նախագծով հնարավորություն է տրվում նաև անցումային շրջանի խնդիրները լուծելու։ Մասնավորապես, խնամքի նպաստը կտրամադրվի խնամքի արձակուրդը սկսվելուն հաջորդած ամսվանից։ Բացի այդ, մարդիկ հնարավորություն կունենան հետադարձ ճանապարհով իրացնել իրենց իրավունքները, եթե այժմ դիմեն նպաստի համար։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը նշեց, որ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը նախագծին դրական եզրակացություն է տվել։