«Թող նոր Հայաստանի ամենամեծ խնդիրն այն լինի, որ Ալեն Սիմոնյանը մեքենան սխալ տեղում է կայանել»
«Կարծում եմ, բացի մեզնից բոլորը ինչ-որ ակնկալիքներ ունեին ՄԻԵԴ-ի կողմից միջանկյալ միջոցի կիրառման հետ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի և երեք անդամների՝ ՄԻԵԴ ներկայացրած դիմումի մերժմանը։
Հարցին՝ ՍԴ անդամների նոր թեկնածուներ արդյո՞ք կան, բացի Գագիկ Ջհանգիրյանից և Կարեն Անդրեասյանից, որոնց անուններն անընդհատ շրջանառվում են, Ալեն Սիմոնյանը պատասխանեց՝ մամուլում զետեղված անունների 99%-ը չեն համապատասխանում իրականությանը։
«Պետք է սպասենք և տեսնենք՝ նախագահը, Կառավարությունը և ԲԴԽ-ն ինչ թեկնածուների կառաջադրեն։ Բայց այդ անունների հետ կապված բացի մամուլում առկա տեղեկություններից, ես այլ տեղեկություններ չունեմ։ Էլի եմ ասում, մամուլից ենք իմանում այդ թեկնածուների մասին։ Չեմ կարծում, որ նրանք կարող են ռեալ թեկնածուներ լինել»,- նշեց Ա. Սիմոնյանը։
Անդրադառնալով կառավարությանը տրամադրվող ծառայողական մեքենաներին և դրանց շուրջ առաջացած աղմուկին՝ ԱԺ փոխխոսնակն ասաց, որ այդ հայտարարություններն ուռճացված են։
«Ծառայողական մեքենաների 60%-ը կրճատվել է։ Ամեն ամիս տարբեր ԶԼՄ-ներ իրենց պարտքն են համարում քննարկել, թե որ պատգամավորներն են 200 հազար դրամ ավել գումար ստացել, բայց, չգիտես ինչու, մոռանում են ահռելի ծախսերի՝ բենզին, թուղթ, հոսանք, կրճատման մասին»,- նշեց նա։
Դիտարկմանը, որ ԱԺ-ում 22 ծառայողական մեքենա է կրճատվել, և որևէ մեկը չգիտի՝ այդ մեքենաներն իսկապես օգտագործվո՞ւմ էին, թե՞՝ ոչ, Ալեն Սիմոնյանն արձագանքեց՝ գնացեք, իմացեք.«Եթե պահեինք, պիտի ասեիք՝ պահել են, հիմա կրճատել ենք, ասում եք՝ չգիտենք, դրանք լավ ատվոներ էի՞ն, թե՞՝ չէ»։
Հարցին՝ ի պաշտոնե իրեն ծառայողական մեքենա անհրաժե՞շտ է, Ալեն Սիմոնյանը պատասխանեց՝ այո, իհարկե։
«Ես մեքենա ունեցել եմ ամբողջ կյանքում, և երբ մեքենա ունեի, աշխատում էի ծառայողական մեքենան չօգտագործել շաբաթ-կիրակի օրերին, թեև դա ինձ օրենքով է տրամադրվում։ Հիմա այդ մեքենան դարձնել քննարկման թեմա... Թող նոր Հայաստանի ամենամեծ խնդիրն այն լինի, որ Ալեն Սիմոնյանը մեքենան սխալ տեղում է կայանել, ես միայն ուրախ կլինեմ, որ դա լինի նոր Հայաստանի ամենամեծ խնդիրը»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». ՄԻԵԴ որոշումը անցանկալի նվեր՝ Հրայր Թովմասյանի համար
- ՄԻԵԴ-ը մերժել է Հրայր Թովմասյանի ու ՍԴ նախկին 3 անդամների դիմումը՝ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում