Արման Բաբաջանյանն իշխանական խմբակցության 89-րդ մանդատն է. Անի Սամսոնյան
«ԿԸՀ-ն մերժեց մեր դիմումը, բայց մենք չպետք է լռենք»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։
Հիշեցնենք, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դիմում էր ներկայացրել ԿԸՀ՝ պահանջելով վերականգնել խմբակցության 18-րդ մանդատը։ Խմբակցությունն այդ մանդատը կորցրել էր պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ խմբակցությունից հեռանալուց հետո։
Ըստ Անի Սամսոնյանի, «Լուսավոր Հայաստան» խմբակցության իրավունքը խախտվել է, իսկ ԿԸՀ-ն այն չի վերականգնել. «Մենք պետք է ունենայինք 18 մանդատ, սակայն ունենք 17 մանդատ։ Բացի այդ, մենք խնդիր ենք տեսնում, որ մեր խմբակցության մանդատով պատգամավորը կարող է իրականացնել այլ քաղաքական գործունեություն, ինչպես նաև «Լուսավոր Հայաստանի» նկատմամբ հակաքարոզչություն անել»։
Պատգամավորը նշեց, որ իրենք շարունակելու են իրենց աշխատանքները և բողոքարկելու են ԿԸՀ-ի որոշումը։ Նրա կարծիքով, բարոյական չէ, որ «ԼՀԿ»-ի մանդատով պատգամավորը քաղաքական այլ նախաձեռնությամբ է հանդես գալիս։
«Արման Բաբաջանյանն իրեն համարել է «ԼՀԿ»-ի համակիր, բայց, ինչպես տեսանք, դա շղարշ էր՝ մեր միջոցով պառլամենտ մտնելու համար»,- ասաց Անի Սամսոնյանը։
Դիտարկմանը, որ Արման Բաբաջանյանը «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից դուրս եկավ՝ նշելով, որ խմբակցությունն իրական ընդդիմություն չէ, պատգամավորն արձագանքեց՝ դավաճանությանը հակված մարդիկ միշտ փնտրում են մեղավորներ։
«Նա ընտրվել է համամասնական համակարգով, և այդ դեպքում մանդատը պատկանում է քաղաքական ուժին, այլ ոչ՝ պատգամավորին։ Ժողովուրդը մանդատ է տվել «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը, որպեսզի վերջինս իրականացնի իր քաղաքական ծրագրերը»,- նշեց պատգամավորը։
Նա վստահեցրեց, որ Արման Բաբաջանյանը իշխանական խմբակցության 89-րդ մանդատն է, հակառակ դեպքում իմքայլական պատգամավորներն այդքան չէին նեղսրտի՝ իմանալով, որ «Լուսավոր Հայաստանը» դիմել է ԿԸՀ՝ Բաբաջանյանից մանդատը վերցնելու պահանջով.
«Այսինքն՝ իշխանությունը պաշտպանում էր իր 89-րդ մանդատը»։
Թե իր 18-րդ մանդատը վերադարձնելու ուղղությամբ «Լուսավոր Հայաստան» խմբակցություն ինչ քայլեր է անելու, Անի Սամսոնյանն ասաց՝ կտեղեկացնենք ավելի ուշ։