Այսուհետ դատախազությունը թափուր հաստիքների համար արտահերթ մրցույց կանցկացնի
«Դատախազությունում բաց մրցույթ կատարելու հետ կապված կանոնակարգումները բավականին կոշտ են, և նախատեսում են, որ մրցույթ կարող է անցկացվել տարեկան մեկ անգամ՝ հունվար ամսին»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ ներկայացնելով «Դատախազության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։
Պատգամավորը նշեց, որ այժմ առաջարկում են, որ որպես կանոն մրցույթ անցկացվի հունվար ամսին, բայց անհրաժեշտության դեպքում, դատախազի հանձնարարությամբ կարող է անցկացվել լրացուցիչ բաց մրցույթ։
«Հիմնական հարցադրումը, որ հնչում էր, այն էր, թե արդյո՞ք նոր մրցույթի պարագայում կապահովվեն անհրաժեշտ պայմաններն ու նորմերը, մենք ուսումնասիրեցինք, և տեղեկացանք, որ նույն պայմաններն են պահվելու, ինչ հիմնական մրցույթի ընթացքում։ Այսինքն՝ մրցույթն անցկացնելու մասին հրապարակվելու է մրցույթից մեկ ամիս շուտ, առնվազն 3000 տպաքանակ ունեցող մամուլում պետք է տպագրվի այդ մասին»,- ասաց Վ. Վարդանյանը։
Պետաիրավական մշտական հանձնժողովի անդամ Արուսյակ Ջուլհակյանը նշեց, որ հանձնաժողովը նախագծին դրական եզրակացություն է տվել։
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանն էլ ասաց, որ նախագիծը դատախազության թափուր հաստիքները համալրելու համար արտահերթ կարգով մրցույթ անցկացնելու հնարավորություն է սահմանում։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանն էլ ներկայացրեց Վարչական դատավարության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։
«Առաջարկում ենք հնարավորություն ընձեռել, որպեսզի մարդիկ փոխանցման միջոցով պետական տուրքերը վճարելու դեպքում, բանկի կտրոն չունենալով անգամ կարողանան հայցադիմում ներկայացնել վարչական դատարան »,- ասաց նա։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը նշեց, որ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին։