«Sony»- ն 250 միլիոն դոլար է ներդրել «Epic Games»-ում
«Sony»-ն 250 միլիոն դոլար է ներդրել «Epic Games»-ում և ձեռք է բերել 1,4% բաժնեմաս, փոխանցում է news.ru-ն։
Ըստ ճապոնական ընկերության գլխավոր տնօրեն Քենիչիրո Յոշիդայի, այս ներդրումը կօգնի գտնել նոր ուղիներ՝ համագործակցելու «Unreal Engine»-ի հետ։
«Epic Games»- ի ղեկավար Թիմ Սոունին իր հերթին նշել է, որ երկու ընկերությունները ստեղծում են բիզնես՝ ստեղծագործական և տեխնոլոգիական խաչմերուկում.
«Մենք ունենք ընդհանուր տեսլական, ինչը կհանգեցնի խաղերի, կինոնկարների և երաժշտության կոնվերգենցիայի: Նախատեսում ենք նաև ստեղծել ավելի բաց և մատչելի թվային էկոհամակարգ բոլոր սպառողների և բովանդակության ստեղծողների համար»:
Մայիսի կեսերին «Epic Games»- ը ներկայացրել էր «Unreal Engine» խաղի շարժիչի հինգերորդ տարբերակը: Մշակողները ցույց էին տվել տեխնոլոգիայի առանձնահատկությունները «PlayStation 5»-ի վրա թողարկված ցուցադրական տարբերակում: Վահանակը մեկ ամիս անց ցուցադրվեց «Sony»- ի դեբյուտային խաղային շնորհանդեսում։