Հայաստանին ուղղված ԵՄ-ի հատկացրած 92 մլն ԱՄՆ դոլարը, ԱՄՀ-ի 280 մլն դոլարի վարկը ի՞նչ նպատակով են օգտագործվել
«Մենք ունենք Հայաստանի Հանրապետության 573 հպարտ քաղաքացիներ, ովքեր մահացել են այս ստեղծված իրավիճակը սպառելով հանդերձ»,-ԱԺ արտահերթ նիստում արտակարգ դրության ռեժիմի ժամկետի երկարացման որոշման քննարկման ժամանակ Հայատանի պարետ Տիգրան Ավինյանին հարցրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:
ԱԺ փոխխոսնակը նաև հետաքրքրվեց, թե Հայաստանին ԵՄ-ի հատկացրած 92 մլն ԱՄՆ դոլարը, Արժույթի միջազգային հիմնադրամի 280 մլն դոլարի վարկը և այլ երկրների նվիրատվությունները և օգնությունները ի՞նչ նպատակով են օգտագործվել:
«Այդ ֆինանսական հոսքերի մասին որևէ թափանցիկություն և հաշվետվողականույուն չենք կարող արձանագրել և չի եղել և կցանկանայի իմանալ, թե այդ միջոցները ինչի՞ն են ծառայեցվել»,- հարցրեց պատգամավորը՝ հիշեցնելով, որ ժողովուրդը, հիվանդության սպառողը լինելով, բազմաթիվ ֆինանսական խնդիրների առաջ է կանգնում՝ վճարելով տեստերի, դեղորայքների և հիվանդանոցներում բուժվելու համար:
Տիգրան Ավինյանը հավաստիացրեց, որ բարձրացված հարցրը առկա էին նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ կառավարությանն ուղղված պաշտոնական գրության մեջ, որի պատասխանը շուտով կստանան, որում մանրամասը ներկայացված կլինի գերատեսչությունների կողմից արված ծախսերը:
«Ինչ վերաբերում է ստացմանը և ծախսման թափանցիկությանը, կարծում եմ մի փոքր դժվար կլինի բացատրելը: 280 միլիոնը, որ նշում եք, քննարկվել է ԱԺ-ում, բյուջեում համապատասխան փոփոխությունները կատարելու ժամանակ, այն ուղղվելու էր բյուջեով ենթադրյալ չհավաքագրված եկամուտների ծախսերի կատարմանը»,- պատասխանեց հանրապետության պարետը և շրջանցեց 92 մլն դոլար օգնության օգտագործման՝ Վահե Էնֆիաջյանի կրկնակի հարցմանը:
Անդրադառնալով տեղորոշման համակագի օգտագործման արդյունավետության հարցին՝ Ավինյանը նկատեց, որ համակարգի միջոցով արձանագրվել է 54 հազար կոնտակտավորների տվյալներ, նրանց զանգեր և նախազգուշացումներ են արվել:
Փոխվարչապետը նկատեց, որ այն այսօր էլ գործում է, բայց մի քանի օր առաջ օպերատորներից մեկի մոտ տեխնիկական խնդրի պատճառով կանգնել էր: Ըստ Ավինյանի, այն այսօր ամբողջ ծավալով և ռեսուրսով վերսկսել է տեղորոշումները: