Կորոնավիրուսի տարածման դեպք՝ Ծալկայի հայաբնակ գյուղում
Վրաստանի Ծալկայի շրջանի Աշխալա (Աշկալա) հայաբնակ գյուղում կորոնավիրուսի դեպք է արձանագրվել: Վարակվածը Վրաստան է եկել ՀՀ-ից, Մառնեուլիի շրջանում անցել 14-օրյա կարանտին։ Կարանտինն ավարտվելուն պես Աշխալայի բնակիչը թեստ է հանձնել ու բացասական պատասխանից հետո վերադարձել գյուղ: Այս մասին գրում է aliq.ge կայքը։
Ըստ գյուղի բնակիչների՝ կարանտինի ընթացքում մոտ 30-ամյա տղամարդը ստուգվել է, առողջական վիճակը բավարար է եղել, ջերմություն չի արձանագրվել: Գյուղում մոտ երկու օր անցկացնելուց հետո բնակիչը ևս մեկ անգամ է թեստ հանձնել, արդյունքն այս անգամ՝ դրական:
Գյուղի բնակիչներն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում են, որ վարակվածը շատերի հետ է շփում ունեցել գյուղում. նրա հետ շփվածներն էլ իրենց հերթին՝ մնացածի հետ: Աշխալայում շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ ի սկզբանե առաջին թեստի պատասխանը վարակաբանները շփոթել են այլ պացիենտի թեստի հետ:
«Հնարավոր է՝ գյուղը փակվի, կարանտինային ռեժիմի անցնի»,- ասում են աշխալացիները: Տեղում բնակիչներն անհանգստացած են, հատկապես նրանք, որոնք ուղիղ կապ են ունեցել կորոնավիրուսով վարակվածի հետ:
Շրջանառվում է խոսակցություն, որ այս պահին պատրաստվում են վարակվածին տեղափոխել Թբիլիսի, մնացած մանրամասներն իմանալու համար սպասում են վաղվան:
Հուլիսի 12-ի դրությամբ Վրաստանում արձանագվել է կորոնավիրուսով վարակման 986, ապաքինման՝ 857 դեպք:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանն ապացուցել է` արագ արձագանքը, կարգապահությունը և խիստ գործողությունները կովիդ դեմ հաջող բաղադրատոմս է
- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 9 նոր դեպք
- Վրաստանում ազգային քննություններին մասնակցած դիմորդի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս
- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք
- Վրաստանում կորոնավիրուս է ախտորոշվել Հայաստանի քաղաքացու մոտ, ով Կախեթիում էր դեղձ գնելու համար