Կիրակի օրվա ցածր ցուցանիշը պայմանավորված է քիչ թեստերով.առողջապահության նախարար
«Ծայրահեղ ծանր և ծանր պացիենտների թիվը կրկին մնում է բարձր: Գումարային՝ մոտ 650 հոգի, որից 43-ը միացված է թոքերի արհեստական օդափոխման սարքերին»,- կառավարության այսօրվա արտահերթ նիստում հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ներկայացնելով վերջին երկու օրերի տվյալները և հավելեց, որ կիրակի օրվա ցածր ցուցանիշը պայմանավորված է քիչ թեստերով:
Առողջապահության նախարարի խոսքով, վերակենդանացման բաժանմունքները գրեթե ամբողջությամբ լիքն են, իսկ սովորական և թթվածնով հագեցած մահճակալները հարաբերականորեն քիչ լարված են և շատ փոքր դրական դինամիկա կա:
Արսեն Թորոսյանը հավաստիացրեց, որ ժամը 9:00-ի դրությամբ տանը հոսպիտալացման սպասող քաղաքացի չկա և կա ընդամենը մեկ քաղաքացի, որը սպասում է տեղափոխման ոչ կորոնավիրուսային հիվանդանոցից կորոնավիրուսային հիվանդանոց:
Թորոսյանը նկատեց, որ պետք է շարունակականորեն պահել հակահամաճարակային բոլոր միջոցառումները և արտակարգ դրության ռեժիմի առնվազն մեկ ամսվա երկարաձգումը, եթե հետո այս կայուն և կայունից մի քիչ թեթևացող իրավիճակը պահպանվի, հնարավոր է՝ այլ որոշումներ կայացվեն:
Առողջապահության նախարարը տեղեկացրեց, որ շաբաթ օրն արձանագրվել է 577 նոր դեպք, կիրակի օրը՝ 182-ը և ընդհանուր դեպքերի թիվը կազմել է 32151։