Ոստիկանությունը՝ ԶԼՄ-ներին. Ձեռնպահ մնալ սահմանամերձ բնակավայրեր մուտք գործելուց
Հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական կողմից սադրանքները շարունակվում են, տեսականորեն առկա է իրադրության սրման հնարավորություն:
ՀՀ Պաշտպանության նախարարությունը կոչով դիմել էր ԶԼՄ ներկայացուցիչներին՝ ձեռնպահ մնալ մարտական գործողությունների տարածք հանդիսացող գոտիներ, սահմանամերձ բնակավայրեր մուտք գործելուց և ուղիղ հեռարձակում իրականացնելուց:
Նման քայլերը հակառակորդին հնարավորություն են տալիս ուղիղ եթերի ռեժիմով դիտարկելու մեր տարածքում ընթացող գործողությունները և միանշանակ կարող են վտանգել հայկական զինված ուժերի ստորաբաժանումների անվտանգությունը:
Ոստիկանությունը լրատվամիջոցներին կրկին կոչ է անում այս պայմաններում ցուցաբերել անհրաժեշտ պատասխանատվություն, ձեռնպահ մնալ սահմանամերձ բնակավայրեր մուտք գործելուց:
Ոստիկանությունից հայտնում են, որ բոլոր սահմանամերձ բնակավայրերի մուտքերի մոտ տեղակայված են ոստիկանական հենակետեր:
Կառավարության Հանրային կապերի և տեղեկատվության ՊՈԱԿ-ից հայտնել են, որ առաջիկա ժամերին Տավուշի մարզի Իջևան քաղաքում կստեղծվի ճգնաժամային տեղեկատվական կենտրոն, որտեղ բրիֆինգներով պարբերաբար կներկայացվի սահմանին ընթացիկ վիճակը:
Ավելի վաղ ՊՆ-ն կոչով դիմել էր ԶԼՄ-ներին. «Հաշվի առնելով հայ-ադրբեջանական պետական սահմանին ադրբեջանական կողմից արդեն երկրորդ օրը շարունակվող սադրանքները, ինչպես նաև իրադրության սրման տեսական հնարավորությունը, համոզիչ կերպով կոչ ենք անում ԶԼՄ ներկայացուցիչներին ձեռնպահ մնալ հավանական մարտական գործողությունների տարածք հանդիսացող գոտիներ, այդ թվում նաև սահմանամերձ բնակավայրեր մուտք գործելուց և, առավել ևս, ուղիղ հեռարձակում իրականացնելուց, ինչն ուղղակիորեն վտանգում է ինչպես տեղի ազգաբնակչության, այնպես էլ տվյալ տարածքներում տեղակայված հայկական զինված ուժերի ստորաբաժանումների անվտանգությունը՝ փաստացի, հնարավորություն ընձեռելով հակառակորդին ուղիղ եթերի ռեժիմով դիտարկել մեր տարածքում տեղի ունեցող գործողությունները, ինչը բացարձակ անթույլատրելի է։
Մեկ անգամ ևս կոչ ենք անում ցուցաբերել գիտակցված մոտեցում խնդրի կարևորությանն ու լիարժեք կերպով կատարել ՀՀ ԶՈՒ՝ անվտանգության տարրական կանոններին առնչվող հորդորները»։