Գյումրու քաղաքապետ. Հնարավորությունների սահմաններում ամեն ինչ անելու ենք բնակիչներին օգնելու համար
«Աննախադեպ էր երևույթը, աննախադեպ էր ջրի քանակը»,- լրագրողների հետ հանդիպմանը ասաց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ անդրադառնալով երեկ Գյումրիում տեղացած հորդառատ անձրևի և կարկուտի հետևանքներին:
«Քանի որ բոլորին շատ հետաքրքրում է ոչ ճիշտ ջրահեռացման համակարգը, ես այսօր հիդրոմետ ծառայությունից տվյալներ վերցրի: Ըստ ստատիստիկայի, հուլիսին պետք է լիներ 46 մմ տեղումներ, բայց իրականում մեկ օրվա ընթացքում եղել է 81 մմ: Շատ հետաքրքիր է, որ 170 տարվա մեջ առաջին աննախադեպ երևույթն էր։ Երբ ջուրը հեռացավ, բոլորիս համար զարմանալի էր, որ չէր կարող նման երևույթ տեղի ունենալ, բայց ունեցավ, մեքենան չէր երևում սառույցների տակից»,- նշեց Բալասանյանը:
Նա նշեց, որ այն փողոցներում, որոնք անցած տարի են կառուցվել, յուրահատուկ էր ջրահեռացման համակարգը:
Ս. Բալասանյանի խոսքով, տեղի ունեցածն անհանգստացրել է բոլորին, բնակչությանը, տնակների բնակիչներին. «Շատ ծանր էր դեպքը ավտոկայանի հետ կապված: Հորդորել ենք բնակիչներին, որ աղբը չնետեն գետակների մեջ, ինչը նեղացնում է հունը, և երբ ջրառատ անձրևներ են լինում, բարձրանում, լցվում են տնակների մեջ»։
«Կամրջի հետ կապված՝ տեսաք, թե ինչ վիճակ էր, խցանում էր եղել, սառցաբեկորները եկել խցանել էին, մեր կոմունալի, ԱԻՆ-ի, շահագրգիռ մեր քաղաքացիների հերոսական ջանքերով կարողացանք բացել»,- ասաց Գյումրու քաղաքապետը:
Նա տեղեկացրեց, որ այսօր խորհրդակցություն են ունեցել և մինչև ժամը 17:00-ն կփորձեն եղած վթարները, կապված սեփական տների, տնակների, փողոցների, բազմաբնակարան շենքերի հետ վերլուծել, հասկանալ, թե ինչո՞վ կարող են բնակիչներին օգնել:
Նա նշեց, որ հնարավորությունների սահմաններում ամեն ինչ անելու են բնակիչներին օգնելու համար. «Հրավիրելու եմ ավագանու արտահերթ նիստ, նույնիսկ ցույց ենք տալու ֆինանսական օգնություն, բայց ուսումնասիրենք, հասկանանք, վերլուծենք և դրանից հետո կարողանանք ներկայացնել ավագանու նիստին, դրա համար հիմա պետք չի շտապել: Եթե մարդն այլևս չի կարող բնակվել այդ տարածքում, քաղաքապետարանի համապատասխան բաժինները կմտածեն, թե ինչ հնարավորություն ունենք օգնելու, եթե մեր ուժերից վեր լինի, կդիմենք կառավարությանը, պարոն Պապիկյանի հետ խոսել եմ արդեն»:
Նա նշեց, որ սեփական սեկտորին, տնակների բնակիչներին օգնելու են, բազմաբնակարան շենքերի կտուրների հետ կապված, եթե խնդիր լինի, օգնելու են։
Ս. Բալասանյանն ասաց, որ ժամը 18։00-ին կրկին խորհրդակցություն է լինելու իրենց մոտ, կունենան ինչ-որ փաստաթուղթ, որն իրենց հնարավորություն կտա արդեն որոշում կայացնելու, թե ինչ անեն։
Հարակից հրապարակումներ`
- Փրկարարները Գյումրիում արգելափակումից դուրս են բերել 130 մեքենա, 30 քաղաքացի տեղափոխվել է անվտանգ վայր
- Գյումրվա հումորն ու ջրածածկ Գյումրին
- «Երևի չեք լսել, թե ոնց են լացում տնակատերերը, խարխուլ, փլված բնակարանների բնակիչները»
- «Գյումրիում աննախադեպ տեղումների հասցրած վնասը մեծ է»
- Գյումրի. ԱԻՆ աշխատակիցները ռետինե նավակներով օգնության են շտապում հեղեղից տուժածներին
- Գյումրիի փողոցներում մեքենաները ջրածածկ են եղել
Լրահոս
Տեսանյութեր
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը դեռ պետք է գին վճարի Ռուսաստանին՝ խաղաղապահ զորախումբն Արցախից դուրս բերելու դիմաց