Իտալացի սենատոր. Ադրբեջանի ԶՈՒ կողմից հրադադարի ռեժիմի խախտումը դեպի խաղաղություն տանող ճանապարհ չէ
«Ադրբեջանի զինված ուժերի կողմից Տավուշի ուղղությամբ հրադադարի ռեժիմի խախտումը դեպի խաղաղություն տանող ճանապարհ չէ»,-հայտարարել է իտալացի սենատոր Ալդո Դի Բիաջոն` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ուղղությամբ ներթափանցելու ադրբեջանական կողմի որոշման վերաբերյալ, որը կարող է լուրջ հետևանքներ ունենալ միջազգային մակարդակում:
«Ինչպես ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, այս փուլում անհրաժեշտ է զերծ մնալ սադրիչ գործողություններից՝ հրադադարի ռեժիմի տևական պահպանման ուղղությամբ աշխատելու համար»,- ասել է քաղաքական գործիչը։
Նա ընդգծել է, որ ռազմական էսկալացիան համակեցության և մտադրությունների համընկնման ցանկացած ձևի թշնամին է, առավել ևս` այնպիսի պահի, երբ մի կողմից ականատես ենք լինում հեռատեսական քաղաքական լուծումների, ինչպես, օրինակ, վերջերս Հյուսիսային Մակեդոնիայի ճանաչումը, իսկ մյուս կողմից՝ համաճարակով պայմանավորված արտակարգ իրավիճակն է, որը պետք է որ բոլորին վերադարձներ խելամտության դաշտ:
«Հասկանալի է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում պետք են դիվանագիտական լուծումներ։ Այդ իսկ պատճառով, բոլոր եվրոպական և ոչ եվրոպական հաստատությունները բարոյական պարտավորություն ունեն խուսափել բախումներից և հակադրություններից՝ առանց մոռանալու այդ փոքրիկ հողակտորի ռազմավարական նշանակությունը, որը հանդիսանում է նավթատարների և տարբեր խաղացողների հավասարակշռությունների և ռազամավարությունների տարանցման վայր»,- նշել է նա։