Ովքե՞ր կարող են մասնակցել աշնանացան ցորենի սերմերի գնման փոխհատուցման ծրագրին
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հուլիսի 15-ին հերթական հանդիպումն է անցկացրել Հայաստանում ցորենի սերմ ներկրողների հետ` Հայաստանի Հանրապետությունում աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության պիլոտային ծրագիրը ներկայացնելու նպատակով: Հանդիպմանը ներկա էր նաև «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Բաբայանը:
էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ծրագրով առաջարկվում է աշնանացան ցորենի էլիտա և/կամ առաջին վերարտադրության հավաստագրված սերմերի գնի մասնակի սուբսիդավորում կամ փոխհատուցում, որի արդյունքում սերմերը ձեռք կբերվեն շուկայականից առավել ցածր գներով։
Ծրագրին կարող են մասնակցել Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի, Տավուշի և Կոտայքի մարզերում 2-20 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող տնտեսվարողները։ Տրամադրվող սուբսիդիայի կամ փոխհատուցման գումարը 1 կգ սերմի համար կկազմի 70 դրամ:
Փոխնախարարը տեղեկացրել է, որ մարզպետարաններն արդեն հավաքագրել և նախարարությանը տրամադրել են տեղեկատվություն բարձրորակ սերմերի և սորտերի հնարավոր պահանջարկի վերաբերյալ:
Նաև նշվել է, որ ծրագրին մասնակցելու համար մատակարարները պետք է մինչև հուլիսի 20-ը դիմեն Էկոնոմիկայի նախարարություն, և ծրագրում ընդգրկված մատակարարների ցանկը մինչև հուլիսի 22-ը կհրապարակվի նախարարության կայքում։ Մատակարարները սերմերի վաճառքը պետք է իրականացնեն հուլիսի 27-ից մինչև հոկտեմբերի 15-ը։
Ծրագրի շրջանակում մատակարարներն ու տնտեսվարողները նույնպես կարող են իրենց կողմից արտադրված կամ ներմուծված սերմերով ցանք կատարել և ստանալ սուբսիդիա կամ փոխհատուցում։
Հարակից հրապարակումներ`
- Մեկնարկում է աշնանացան ցորենի արտադրության խթանման ծրագիրը
- Պետությունը պիլոտային կարգով կվճարի 220 դրամ արժողության աշնանացան ցորենի 70 դրամը
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ