Դուք ձեր իշխանության տակ այս նախագծով ռումբ եք դնում. Էդմոն Մարուքյան
ԱԺ արտահերթ նիստում քննարկվող «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծով առաջարկվում է ներդնել առողջության հիմքով ժամանակավոր անաշխատունակ ճանաչված պատգամավորների գրավոր քվեարկության կարգը:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշեց, որ նախագծի ներկայացման նպատակը կորոնավիրուսի համաճարակի ժամանակ ԱԺ աշխատանքները չպարալիզացնելն է:
Օրինագիծը զեկուցող Վահագն Հովակիմյանն էլ նշեց, որ առիթը կորոնավիրուսն է եղել, բայց նաև արդարացի չէ, երբ պատգամավորը առողջական այլ խնդիրներ է ունենում և մնալով տանը կամ բուժհաստատություններում՝ զրկվում է իր լիազորություններն իրականացնելուց: Ըստ պատգամավորի, այդ պատճառով էլ լուծումն ընդհանուր է տրված:
ԱԺ նախագահը պնդեց, որ այս պահին պետք չէ ընդհանրական մոտեցում ցուցաբերել, քանի որ այն հղի է տարբեր հնարավոր հետևանքներով, և պետք է կենտրոնանալ բացառապես կորոնավիրուսով վարակված պատգամավորների քվեարկության խնդրի վրա:
Վահագն Հովակիմյանը նշեց, որ եթե լինի ավելի լավ տարբերակ, հեղինակները կողմ կլինեն:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հիշեցրեց, որ նախորդ գումարման խորհրդարանում, երբ այս նոր կանոնակարգը ընդունվել էր, ընդդիմությունը դեմ է եղել ծրարով քվեարկելուն:
«Փաստարկները հետևյալն էին, որ այդ մարդը քննարկմանը չի մասնակցում և սա հանրապետականները անում են, որ չգան գործի, ծրարներ ուղարկեն, նիստերը վարեն»,- հայտնեց Մարուքյանը և նկատեց, որ այն ժամանակ չեն թույլատրել ծրարով քվեարկելը:
Ըստ պատգամավորի, հեղափոխությունից հետո եկած նոր իշխանությունը այն դարձնում է լեգիտիմ գործիք:
«Հիմա քիչ չի դա լեգիտիմ է դարձել, հիմա եկել ասում եք, քանի որ դա նորմալ է, եկեք մի հատ էլ անաշխատունակության հետ կապված մի հատ էլ ծրար ուղարկի: Ժողովուրդ կարո՞ղ է մոռանում ենք, որ Հայաստանը խորհրդարանական երկիր է, և այս դահլիճում կարող է մեկ ժամից օրինակ երկրի ղեկավար փոխվի, այդ ո՞նց եք պատկերացնում պատգամավորներին չտեսնեք, տանը ի՞նչ իմանանք զենք են դրել գլխին, ինչ է ստորագրել, այդ դուք ձեր տակ ռո՞ւմբ եք դնում, սա աբսուրդ բան է, վերցրեք, հետ տարեք»,- ասաց նա:
Էդմոն Մարուքյանը նշեց, որ ամբողջ երկիրը տեսավ, թե ինչպես «Իմ քայլը» Սահմանադրություն փոխեց առանց որևէ խոչընդոտի, քանի որ իր ձայները բավարար էին:
«Դուք ձեր իշխանության տակ այս նախագծով ռումբ եք դնում, դա ի՞նչ մեթոդ է: Իշխանափոխությունը եղել է կանոնակարգը չենք փոխել քիչ չի, մի հատ էլ ավելի վատթարացնում եք»,- հայտարարեց նա։
Իր ելույթոմ Էդմոն Մարուքյանին փորձեց արձագանքել ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ հայտարարելով, որ օրենքը վերաբերում է զուտ կորոնավիրուսի համաճարակի ժամանակահատվածում ստեղծված իրավիճակին: