Բրիտանացի խորհրդարանականները որոշել են հուլիսի 22-ին հրապարակել «Ռուսական զեկույցը»
Բրիտանական քաղաքականության վրա Ռուսաստանի ենթադրյալ ազդեցության մասին զեկույցը կհրապարակվի հաջորդ չորեքշաբթի, հուլիսի 22-ին: Հինգշաբթի հայտնել է «The Independent» պարբերականը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի անվտանգության և հետախուզության հանձնաժողովի հայտարարությունը:
Այս որոշումը կայացվել է հանձնաժողովի նոր անդամների առաջին նիստում: «Կոմիտեն այս առավոտ միաձայն համաձայնեց, որ կհրապարակի Ռուսաստանի վերաբերյալ նախորդների պատրաստած զեկույցը, նախքան Համայնքների պալատը կանցնի ամառային արձակուրդների»,- տարածված հայտարարությունից մեջբերում է արել «Ինտերֆաքս»-ը:
Այս շաբաթ Մեծ Բրիտանիայի խորհրդարանում լեյբորիստների ազդեցիկ ներկայացուցիչ Քիվան Ջոնսը հայտարարել էր, որ հիմքեր չկան մինչև հաջորդ շաբաթ հետաձգել այսպես կոչված ռուսական զեկույցի հրապարակումը:
Նախորդ տարվա նոյեմբերին նախապատրաստվել էր բրիտանական քաղաքականության վրա ազդելու Ռուսաստանի ենթադրյալ փորձերի մասին խորհրդարանական զեկույց, սակայն դրա հրապարակումը մի քանի անգամ հետաձգվել էր: Դրա համար Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը բազմիցս քննադատության է ենթարկվել: Վերջինս զեկույցը կարդացել է դեռևս 2019-ի դեկտեմբերին և տվել կանաչ լույս այն հրապարակայնացնելու համար:
Այնուամենայնիվ, զեկույցը երբեք չի հրապարակվել, քանի որ Անվտանգության և հետախուզության նոր հանձնաժողովը ավելի քան վեց ամիս չէր հավաքվել նախորդ տարվա դեկտեմբերի ընտրություններից հետո:
Կոմիտեի հիմնական աշխատանքն է գնահատել հետախուզական MI-5 և MI-6 գործակալությունների, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների, Կառավարության հաղորդակցման կենտրոնի աշխատանքները, որոնք պատասխանատու են էլեկտրոնային հետախուզության անցկացման, կառավարության և բանակի տեղեկատվության պաշտպանության ապահովման համար:
Կոմիտեն ուղղակիորեն հաշվետու է վարչապետին, այլ ոչ խորհրդարանին:
Ավելի վաղ Ջոնսոնը հավաստիացրել էր, որ ինքը ոչ մի ապացույց չունի այն մասին, որ Ռուսաստանը միջամտում է Մեծ Բրիտանիայի քաղաքականությանը: