Ադրբեջանցիները ցանկանում են մեզ Բաքվում հյուրընկալել. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյան
Ադրբեջանցիներն իրենք իրենց երկրի մեջ շատ մեծ խնդիրներ ունեն, և այդ խնդիրներից ժողովրդի ուշադրությունը շեղելու համար նորից կարող են շարունակել ռազմական գործողությունները Հայաստանի հետ սահմանին, սա իրենց քաղաքականությունն է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի միջեկեղեցական հարցերով պատասխանատու, ԵՀԽ կենտրոնական կոմիտեի գործադիր վարչությունում Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Վիգեն արք. Այքազյանը:
«Ռազմական գործողություններով իրենք իրենց խնդիրներից ժողովրդի ուշադրությունն են շեղում, ինչպես որ Թուրքիայի նախագահն արեց` Սուրբ Սոֆյայի տաճարը մզկիթի վերածելով, նույնն էլ Ալիևն է անում: Նրանք միշտ այս խնդիրն ունեն, և եթե զգան, որ մենք մի քիչ տկարացած ենք, պիտի հարձակվեն»,-նշել է նա:
Անդրադառնալով Ադրբեջանի ՊՆ հայտարարությանը, որ կարող են հարվածել Մեծամորի ատոմակայանին, արքեպիսկոպոսն ասել է, որ դա մեծ ֆարս է.
«Իրենք չգիտեն, որ մենք շատ ավելի վատ բաներ կարող ենք անել, բայց մենք չենք ուզում մարդ արարածին վնաս հասցնել: Իրենք երբեք այդպիսի քայլի չեն դիմի, մենք հանգիստ պետք է լինենք: Բոլոր այս խնդիրների պատճառը Ալիևն է, որովհետև Ալիևը շատ վատ վիճակի մեջ է: Նա իր ժողովրդի կողմից հարգված ու սիրված չէ, որովհետև ժողովուրդը շատ վատ վիճակի մեջ է»:
Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը վստահ է, որ եթե մի անգամ էլ հարձակվեն ադրբեջանցիները, ապա հետևանքները շատ վատ են լինելու իրենց համար.
«Հավանաբար կուզեն մեզ հյուրընկալել Բաքվում, կուզեն, որ մինեչև Բաքու գնանք, իրենց մի լավ դաս տանք ու նոր վերադառնանք: Արցախյան ազատամարտի ժամանակ էլ իրենք Թուրքիայից ու Աֆղանստանից աջակցություն ստացան, և ի՞նչ եղավ, փախան: Մեզ համար թեկուզ մեկ հայ զինվորի մահը շատ մեծ դժբախտություն է, իսկ իրենց համար հարյուրավոր զինվորիների մահը ոչինչ է»:
Արքեպիսկոպոսը սահմանին կանգնած զինծառայողներին և սահմանին ապրող բնակչությանը քաջություն է մաղթել և իր օրհնությունն է ուղարկել: