Կասյանի գյուղմթերքի տոնավաճառի առևտրականներն այսօր կառավարության շենքի դիմաց էին
Կասյան փողոցի գյուղատնտեսական տոնավաճառում տարիներ շարունակ իրենց բերքը վաճառած գյուղացիներն այսօր կառավարության շենքի դիմաց էին՝ պահանջելով, որ իրենց կրկին թույլ տան այնտեղ պտուղ-բանջարեղեն վաճառել։ Տոնավաճառը չի գործում այս տարվա հունվարից։
Ակցիայի մասնակիցները նշում են՝ կառավարության խնդրած ժամկետը սպառվել է, խնդիրը չի լուծվել։ Նախորդ ակցիայից հետո կառավարությունից երկու օր ժամանակ էին ուզել հարցը կարգավորելու համար, դրա համար էլ առևտրականները սպասել են ու ձեռնպահ են մնացել անցած շաբաթ օրը Կասյան փողոց իրենց բերքը տանելուց։
«Հիմա մենք կառավարության ներկայացուցչից ցանկանում ենք հստակ պատասխան ստանալ, ինչո՞ւ թույլ չեն տալիս մեզ այնտեղ բերքը վաճառել, կամ տոնավաճառ լինելո՞ւ է, թե՞ ոչ»,-ասաց նրանցից մեկը՝ ոչ հիմնավոր համարելով տոնավաճառը փակելու համար բերված պատճառները։
Բողոքի դուրս եկած գյուղացիներին բարկացրեց ոստիկանների կողմից դիմակն իջեցնելու համար տուգանելը։
«Ոստիկանից չենք վախենում, ոչ մի դեպքում, մեր ձայնը պետք է լսելի լինի, հերիք է՝ գյուղացու իրավունքները ոտնահարում են։ Դիմակն իջեցրել է մի վայրկյան շունչ քաշի, վռազ տուգանում են։ Թաղապետը Նժդեհի արձանի մոտ առանց դիմակի կանգնել խոսում է, չեն տուգանում, ինչի՞»,-բարկացավ ակցիայի մասնակից կանանցից մեկը։
Ակցիայի մասնակիցներն ասացին, իրենց առաջարկել են տոնավաճառի համար այլ տարածքներ։
«Այնպիսի տեղեր են առաջարկում, որ գյուղացին երկու օր կգնա, կհիասթափվի, կգնա տուն»,-ասում են նրանք։
Հարակից հրապարակումներ`
- Արաբկիր վարչական շրջանից գյուղատնտեսներին առաջարկում են Կասյանի փոխարեն Կոմիտասի ծածկած շուկա գնալ
- Գյուղացիները պահանջում են՝ թույլ տալ Կասյանի շուկայի տարածքում իրենց բերքը վաճառել
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին