Ասել, որ մենք ընդհանրապես պետք է հրաժարվենք բնական պաշարների օգտագործումից՝ խելամիտ չէ. Նիկոլ Փաշինյան
«Քաղաքակրթությունն ինքը հակաբնապահպանական երևույթ է»,- այսօր Շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմին նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանին ներկայացնելու ժամանակ հատարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա փաստարկեց, որ քաղաքակրթությունը որոշակի փուլերում միշտ ինչ-որ մի բան վերցրել է բնությունից և շատ դեպքերում՝ անվերադարձ, որը մարտահրավերներ է ստեղծել հենց քաղաքակրթության համար:
Վարչապետի դիտարկմամբ՝ Հայաստանը պետք է ճանաչվի բնապահպանական ամենաբարձր չափանիշներին համապատասխանող երկիր և այդ ոլորտում մեծ մարտահրավերներ կան՝ սկսած քաղաքացու կենցաղից, մինչև հանքարդյունաբերություն:
«Ասել, որ մենք ընդհանրապես պետք է հրաժարվենք բնական պաշարների օգտագործումից՝ խելամիտ չէ, բայց նաև թույլ չենք տա բնապահպանական աղետների ճանապարհով գնալ»,- հայտնեց վարչապետը և շեշտեց, որ իսկապես լուրջ պրոբլեմներ կան՝ սկսած անկառավարելի աղբի ծավալներից մինչև Սևանա լճի պրոբլեմը:
Վարչապետը նկատեց, որ Սևանի շուրջ քայլելիս հենց այսօր, չհաշված ջրի կանաչած լինելը, ամեն քայլափոխի կարելի է տեսնել բնապահպանական աղետ:
«Այն, ինչ կատարվում է Սևանա լճի շուրջ, այլ կերպ՝ քան բնապահպանական աղետ, հնարավոր չէ նկարագրել»,- հայտարարեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց դահլիճում նստած Էրիկ Գրիգորյանին կատարած աշխատանքի համար և հույս հատնեց, որ նա դեռ կշարունակի իր նպաստը բերել շրջակա միջավայրի զարգացման ջանքերում: Վարչապետը շնորհակալություն հայտնեց նաև ՇՄ նախարարի պաշտոնակատար Վահե Ջիլավյանին, այդ ընթացքում նախարարի աշխատանքներն պատշաճ կատարելու համար:
Շնորհավորելով Ռոմանոս Պետրոսյանին պատասխանատու պաշտոնն զբաղեցնելու առիթով՝ վարչապետը շեշտեց, որ վերջինս Կոտայքի մարզպետի պաշտոնում բավականին արդյունավետ գործունեություն է ծավալել և հույս հայտնեց, որ այն նույնքան կամ ավելի արդյունավետ կլինի շրջակա միջավայրի նախարարի կարգավիճակում:
Էրիկ Գրիգոյանը, շնորհավորելով Ռոմանոս Պետրոսյանին, նկատեց, որ վերջինիս հաջողությունը ՀՀ քաղաքացու հաջողությունն է, իսկ ինքը միշտ կանգնած է լինելու կառավարության կողքին և իր գիտելիքներով կփորձի օգտակար լինել:
Ռոմանոս Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար և հավաստիացրեց, որ ամբողջ ջանքը և նվիրումը կներդնի ոլորտի խնդիրնեի լուծամն մեջ: