Բելառուսը Ուկրաինային է հանձնել ձերբակալված ռուսաստանցիների ցուցակը
Բելառուսը Ուկրաինային է հանձնել ձերբակալված ռուսաստանցիների ցուցակը՝ ստուգելու, արդյոք նրանք մասնակցել են Դոնբասում ռազմական գործողություններին: Այս մասին, Ria-ի հաղորդմամբ, հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան:
«Մենք ստացանք Բելառուսի կողմից ձերբակալված քաղաքացիների ցուցակը, և Բելառուսի արտգործնախարարությունը խնդրեց մեզ փոխանցել նշված փաստաթուղթը Ուկրաինայի իրավասու մարմիններին՝ մեր պետությունում այդ անձանց կողմից կատարված հանցագործությունների կատարման և ռազմական գործողություններին մասնակցությունը ստուգելու համար», - ասել է Կուլեբան:
Նախարարի խոսքով, ցուցակի վրա ակտիվորեն աշխատում են ուկրաինացի իրավապահները:
Հիշեցնենք, որ հուլիսի 28-29-ի լույս գիշերը Մինսկի մոտակայքում ձերբակալվել էր 33 մարդ: Պետական ԶԼՄ-ները հայտնում են, որ դրանք օտարերկրյա, մասնավորապես «Վագներ» ռազմական խմբավորման զինյալներ են:
Բոլոր ձերբակալվածները Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են, որոնք, ինչպես հաղորդվում էր, նախընտրական քարոզչության ընթացքում պլանավորել էին ապակայունացնել իրավիճակը երկրում:
Կրեմլն էլ նախօրեին հերքեց Մոսկվայի կողմից Բելառուսում իրավիճակի ապակայունացման մասին տեղեկությունները։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այս լուրերն անվանեց զրպարտություն։
Բելառուսի նախագահական ընտրությունները կկայանան օգոստոսի 9-ին։ Արդեն 6-րդ անգամ ընտրություններին կմասնակցի նաև 65-ամյա Ալեքսանդր Լուկաշենկոն։ Նրա հետ մրցելու իրավունք են ստացել չորս թեկնածուներ։
Հարակից հրապարակումներ`
- Կրեմլը հերքում է Մոսկվայի կողմից Բելառուսում իրավիճակի ապակայունացման մասին տեղեկությունները
- Բելառուսում 170 զինյալների որոնումները շարունակվում են