Գևորգ Դանիելյան. «Անկախ պատգամավոր» եզրույթը արհեստածին է
2015 թ. սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը հարցազրույց է տվել «Փաստինֆո»-ին՝ անդրադառնալով խմբակցությունը լքելուց հետո պատգամավորների՝ մանդատից չհրաժարվելու պրակտիկային։
Հարց-Իսկ ինչո՞ւ է խմբակցությունից դուրս եկող պատգամավորը կոչվում անկախ, դա իրեն ի՞նչ արտոնություններ է վերապահում։ Ընդհանրապես, ինչո՞ւ է այս երևույթը տարածված մեր խորհրդարանական կյանքում։
Գևորգ Դանիելյան-«Անկախ պատգամավոր» եզրույթը արհեստածին է, դա առավելապես խոսակցական հարթությամբ է օգտագործվում, ընդ որում, բացարձակապես ճիշտ տերմին չէ, քանի որ պատգամավորների կարգավիճակը, հատկապես, անկախության ասպեկտով, որևէ աղերս չունի խմբակցության կազմում լինելու կամ չլինելու հետ։ Այսինքն՝ հարկ է վերադառնալ Սահմանադրության 94-րդ հոդվածին մեկ անգամ ևս և արդեն այլ ասպեկտով նշել, որ պատգամավորը առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով, ոչ թե խմբակցության որոշումներով։ Նկատեմ նաև, որ խմբակցությունից դուրս եկած կամ հեռացված պատգամավորն անգամ կարող է մնալ նույն մշտական հանձնաժողովում, եթե այդ խմբակցությունը նրա տեղում խմբակցության այլ անդամի չի նշանակում, կամ մշտական հանձնաժողովում առկա է այլ թափուր տեղ, կամ Ազգային ժողովի նախագահին ուղղված իր գրավոր դիմումով կարող է ընդգրկվել այլ մշտական հանձնաժողովում առկա թափուր տեղում։
Ձեր հարցի մյուս հատվածը, թերևս, այնքան էլ իրավական չէ։ Ինչևէ, ինքս հակված չեմ այդ ամբողջի առանցքում միայն իբրև անարդյունավետ իրավական լուծումները տեսնել։ Խնդիրը շատ ավելի բարդ է ու բազմասպեկտ, այն թելադրված է բազմաթիվ գործոններով, որոնցից կառանձնացնեի մեկը՝ խոցելի իրավաքաղաքական մշակույթը, որն իր մեջ ներառում է ձևավորված անկատար ավանդույթները, քաղաքական պայքարում բարեվարքության հստակ կանոնների բացակայությունը, բարդ հարցերի առնչությամբ պարզունակ ու իրավիճակային լուծումներով ղեկավարվելու մարմաջը և այլն։
Եզրափակեմ ասելիքս. փայտն ունի երկու ծայր, ասել կուզի, որ խմբակցությունը լքած պատգամավորի լիազորությունները չդադարեցնելը նույն հաջողությամբ կարող է չարիք դառնալ նաև քաղաքական մեծամասնության համար, ինչն արդեն բազմիցս է ապացուցվել։
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը լքելուց հետո Սերգեյ Բագրատյանը հայտարարեց, որ շարունակելու է իր գործունեությունը անկախ պատգամավորի կարհավիճակով։ Ավելի վաղ նման դեպք պատահել էր «Լուսավոր Հայատան»-ի հետ, երբ խմբակցությունը լքելու մասին հայտարարել էր Արման Բաբաջանյանը։
Մեկ մանդատ խմբակցությանը տրամադրելու վերաբերյալ «Լուսավոր Հայաստան»-ի դիմումը ԿԸՀ-ն չբավարարեց։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
- Աբովյան. Բագրատյան Սերգեյը պետք է վայր դնի մանդատը
- Սերգեյ Բագրատյանը վայր չի դնի մանդատը
- ԿԸՀ-ն մերժեց ԼՀԿ դիմումը
- Դավիթ Խաժակյանը՝ ԿԸՀ-ում. Իմ պնդումն է, որ Արման Բաբաջանյանին պետք է զրկել մանդատից
- ԿԸՀ-ն կքննարկի «Լուսավոր Հայաստանի» դիմումը