Պետգույքի կոմիտեն Նորքի այգիներում մոտ 2 հա տարածքի օտարման մրցույթ է հայտարարել
«Կանաչ ապագա» բնապահպանական հասարակական կազմակերպության անդամ Վահագն Վարագյանը քաղաքացիների ուշադրությունն է հրավիրում Կադաստրի պետական կոմիտեի կողմից՝ Նորքի այգիներ փողոցի 180 հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի և դրա օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասի օտարման մրցույթին։
Նկատենք, որ խոսքը ավելի քան 1.8 հա հողատարածքի մասին։ Մրցույթը հայտարարվել է օգոստոսի 1-ին։ Ինչպես երևում է հրապարակված լուսանկարներից, հողատարածքը կանաչապատ է։
Գնահատված արժեքը 1 531 760 000 դրամ է։
ՀԿ ներկայացուցիչը մրցույթը որակում է խայտառակություն։
«Ողջ աշխարհում գլոբալ տաքացման դեմ պայքարում են անտառածածկ տարածքների ավելացմամբ, իսկ ի՞նչ են անում Հայաստանի վարչապետն ու Երևանի քաղաքապետը:
Մայրաքաղաքում փոխանակ անտառային շերտերը ու կանաչ գոտիներն ավելացնեն, օրը ցերեկով Մաշտոցի պուրակի առողջ ծառեր են հատում, որի հետևանքով վերանում է ոչ միայն կանաչ գոտին, այլև տարիներ շարունակ գործունեություն ծավալած պայքարիստների մի ողջ տեսակ, որը հիմա կամ պետական բարձր պաշտոնների է, կամ էլ կողքից դրանց սատարող արտահաստիքային ֆեյսբուքյան ստատուսագրի գործ է անում:
Այս տարի Ծիծեռնակաբերդի բարձունքում մեկ հեկտարից ավել կանաչ գոտի վառվեց, որովհետև Երևանի խեղկատակ քաղաքապետը «մոռացել էր» խոտն ու ծառերը ամռան ամիսներին ջրել: Ձայն չկա:
յս տարի Հայաստանի անտառների 11.575 հեկտարը կերել են թրթուրները՝ Շրջակա միջավայրի նախարարության տոտալ անգործության հետևանքով, ձայն չկա: Եվ սա այն դեպքում, երբ վերջին 2 տարիների ընթացքում սովորական սպառողի համար փայտի մեկ խորանարդ մետրի գինը 12.000 դրամից դարձել է 30.000 դրամ:
Այսինքն՝ կառավարության մատը մատին չտալու հետևանքով գյուղացին, որ գազով տաքանալու համար համապատասխան եկամուտներ չունի, դժվարություններ ունի նաև վառելափայտով տաքանալու հարցում: Բայց Նորքի այգիների հարցն այդ դեպքը չէ:
Հավատացեք, Նորքի 2 հեկտար այգիների տարածքի վաճառքի դեպքում երևանցիները ստիպված են լինելու մոռանալ թթվածին շնչելու մասին»,- գրել է նա։