Անհասկանալի է նախագահի մոտեցումը. Նիկոլայ Բաղդասարյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է հրավիրել։ Իշխանական խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՍԴ դատավորների ընտրությանը։ Նա տեղեկացրեց նաև, որ այսօրվա նիստի օրակարգում հենց ՍԴ դատավորների թեկնածուների հարցն է։
«Ինձ համար անընդունելի է այն շեշտադրումը, որ եթե հայրը պաշտոն է ունեցել, ապա որդին իրավունք չունի բարձր պաշտոն զբաղեցնելու։ Դա ստալինյան մոտեցում է»,- ասաց Ն. Բաղդասարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք խնդիր չի առաջանա, եթե Վահրամ Ավետիսյանը դառնա ՍԴ դատավոր այն դեպքում, երբ իր հայրը «Մարտի մեկի» հարցերով է զբաղվել և նրա որոշումներից մի քանիսը բեկանվել են։
Նիկոլայ Բաղդասարյանի կարծիքով, այլ հարց է՝ արդյո՞ք շահերի բախում չի ատաջանա։
«Իսկ շահերի բախման հարցը քննարկելի հարց է յուրաքանչյուր պատգամավորի համար։ Մենք պետք է հասկանանք, որ մի շարք գործերի քննության Վահրամ Ավետիսյանը չի կարող մասնակցել, դա պետք է քննարկեն բոլոր պատգամավորները»,- նշեց նա։
Պատգամավորի խոսքով, սահմանադիր մարմինները լիազորված են առաջադրել ՍԴ անդամի թեկնածուների, և ԱԺ-ն լիազորված է ցանկացած թեկնածուի վերաբերյալ և՛ դրական, և՛ բացասական եզրակացություն տալու.
«ԱԺ-ն իր վերաբերմունքը կցուցաբերի քվեարկության և հարցադրումների միջոցով։ Սրանք հերթական ընտրություններ են, և որևէ ծայրահեղական բան չկա։ Մենք պետք է ենթարկվենք Սահմանադրությամբ հաստատված չափանիշներին։ Մենք պետք է հասկանանք, որ ընտրում ենք մարդկանց, որոնք պետք է 12 տարի կարողանան աշխատել»։
Դիտարկմանը, որ նախագահը երկրորդ անգամ ՍԴ անդամի թեկնածու է առաջադել Արթուր Հալաջյանին, Ն. Բաղդասարյանն ասաց՝ մոտեցման խնդիր է։
«Երբ ԱԺ-ն որոշում է կայացնում, որոշակի հիմքերի վրա է այդ որոշումը կայացնում։ Եթե իքս թեկնածուն չի համապատասխանում որոշակի չափանիշների, ինչպե՞ս պետք է ես նրա օգտին քվեարկեմ։ Ես ինչպես դեմ եմ քվեարկել, այդպես էլ հիմա դեմ կքվեարկեմ, քանի որ այդ թեկնածուի դեպքում որևէ բան չի փոխվել։ Անհասկանալի է նախագահի մոտեցումը, որ երկրորդ անգամ առաջադրում է նույն մարդուն՝ իմանալով, որ ընտրողը նույն կազմն է»,- նշեց պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». ՀՀ նախագահը ընդհանուր առմամբ առաջադրել է ՍԴ դատավորի 5 թեկնածություն, որից մերժվել է 4-ը
- Երվանդ Խունդկարյանը՝ ՍԴ դատավարի թեկնածու
- ՍԴ-ն քիչ անց կսկսի քննել Քր. Օր.-ի 300.1 հոդվածի սահմանադրականությունը