«Ժառանգություն». Հայաստանում ոստիկանական ուժի կիրառմամբ այլևս ոչ մի խնդիր չի լուծվելու
Ամուլսարի հանքի շուրջ ՀՀ իրավապահ մարմինների ծավալած վերջին գործողություններն արդեն դառնում են անկառավարելի, Ջերմուկի խաղաղ բնակիչների հանդեպ կիրառվում է անհամաչափ ուժ ոստիկանության կողմից, որն ի պաշտոնե կոչված է պաշտպանելու հանրության շահերը և կանխելու բռնության սադրանքները: Նման հայտարարություն է տարածել «Ժառանգություն» կուսակցության վարչությունը։
«Ժառանգություն» կուսակցությունը խոր մտահոգությամբ հետևում է կառավարության պատկան մարմինների ապաշնորհ քայլերի պատճառով Ջերմուկում հանրային լարվածության օրըստօրե ահագնացմանը. բերման ենթարկվածների թիվը գնալով աճում է, հանրային ցասման աստիճանը՝ բարձրանում: Բնակչության և «Լիդիանի» աշխատակիցների միջև բացարձակ անթույլատրելի բախումներ են բռնկվում, որոնց կանխարգելման քայլերի փոխարեն լարվածության նոր օջախներ են առաջանում, հանրային-պետական երկխոսության փոխարեն առճակատումը խորանում է:
«Կառավարությունը գրեթե երկու տարի ժամանակ ուներ հստակ դիրքորոշում ձևավորելու Ամուլսարի թնջուկի հանգուցալուծման նպատակով՝ մասնագիտական և հասարակական ներուժի հետ համագործակից, սահմանելով պետության, այսինքն՝ Հայաստանի քաղաքացիների շահերից բխող գործողությունների հաջորդականություն, սակայն այդ ամենի փոխարեն նախընտրեցին դիմել հին գործիքակազմին՝ ոստիկանական ուժին. սին փորձեր Հայաստանում ոստիկանական ուժի կիրառմամբ այլևս ոչ մի խնդիր չի լուծվելու, ոստիկանությունը չի կարող լինել հանքարդյունահանողի և ժողովրդի հավերժ բաժանարարը:
Քանզի ոստիկանությունը հնից ժառանգված սահմանադրությամբ ենթակա է վարչապետին, «Ժառանգությունը» պահանջում է վարչապետ Փաշինյանից անմիջաբար հրատապ քայլեր ձեռնակել՝ պաշտպանելու հանրության գերակա շահերը և զսպելու ոստիկանության քաոսային և անհամարժեք դարձող գործողությունները, հիշելով ժողովրդին տրված իր բոլոր խոստումները՝ հանգուցալուծել այս խնդիրը ի շահ Հայաստանի»,-ասված է հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Ամուլսարում իրավիճակը շարունակում է լարված մնալ
- Ջերմուկի բնակչության մեծամասնությունը դեմ է Ամուլսարի շահագործմանը․Ռուբեն Մելիքյան
- Ամուլսարում շարունակում է իրավիճակը լարված մնալ․ կան բերման ենթարկվածներ
- Ավտոերթ ընդդեմ Ամուլսարի շահագործման