Սոչիում արջերը հոշոտել են 11-ամյա տղայի
Սոչիի Դագոմիսի գյուղում երկու արջ հոշոտել են չփակված դարպասից թռչնաբուծարանի տարածք մտած 11-ամյա տղայի, հարուցվել է քրեական գործ, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։
«Սոչիի Լազարևսկի շրջանի քննչական բաժինը հարուցել է քրեական գործ 11-ամյա տղայի՝ մահվան փաստով: Հողամասը, որտեղ հոշոտվել է տղան, վարձակալության էր տրվել առևտրային կազմակերպություններից մեկի կողմից, մինչդեռ ընկերության ղեկավարությունը դրա վրա կառուցել էր թռչնաբուծարան, որտեղ պահվել է երկու վայրի արջ: Տասնմեկամյա մի երեխա մոտեցել է պարիսպին՝ արտաքին ցանկապատի մետաղական դարպասի միջոցով, որից հետո կենդանիները հարձակվել են տղայի վրա»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Կենդանիները բազմաթիվ մարմնական վնասվածքներ են հասցրել տղային, իսկ դեպքի վայր ժամանած բժիշկները չեն կարողացել փրկել նրան: Քննչական կոմիտեի Քննչական վարչության հաղորդմամբ, քննությունն այժմ պարզում է ողբերգության հանգամանքները, ներառյալ վայրի կենդանիներին պահելու օրինականությունը, ինչպես նաև անվտանգության պայմանների պահպանումը: