Արտաքին աշխարհը շարունակում է աջակցել Հայաստանին՝ COVID-19-ի համավարակի հաղթահարման գործում
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը, ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ՀՀ առողջապահության նախարարությունը մեկնարկում են համագործակցության նոր փուլ՝ ուղղված COVID-19 համավարակի հաղթահարմանը Հայաստանում, տեղեկանում են ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքէջից։
Նշվում է, որ ծրագիրը տևելու է մեկ տարի: Նպատակն է կանխարգելել Նոր կորոնավիրուսի տարածումը Հայաստանում, աջակցել առողջապահության համակարգին անհրաժեշտ սարքավորումներով և պարագաներով, զինել բուժաշխատողներին անհրաժեշտ գիտելիքներով, իսկ ընտանիքներին տրամադրել վստահելի տեղեկատվություն:
«COVID-19 համավարակը մարտահրավեր նետեց աշխարհի գրեթե բոլոր առողջապահական համակարգերին: Մինչ բուժաշխատողները անձնուրաց կերպով շարունակում են պայքարել առաջնագծում, բոլորս պետք է համախմբվենք, որպեսզի կոտրենք վարակի շղթան և ապահովենք առողջապահական ծառայությունների շարունակականությունը», - ասել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը:
Ծրագրի միջոցներով ՅՈՒՆԻՍԵՖ-ն արդեն իսկ գնել և առողջապահության նախարարությանն է տրամադրել COVID-19 համավարակի ախտորոշման 10.000 թեստ, 24 թթվածնային սարք և 2000 քթային խողովակ: Տեխնիկական այս բոլոր միջոցներն, ըստ նպատակահարմարության և անհրաժեշտության, ՀՀ Առողջապահության նախարարությունը տրամադրում է COVID-19-ով վարակված պացիենտներին սպասարկող բուժհաստատություններին։
«Պետք է անհապաղ գործենք, որպեսզի առողջապահական ճգնաժամը չդառնա երեխայի իրավունքների ճգնաժամ: Բոլոր երկրներում Նոր կորոնավիրուսային համավարակով պայմանավորված իրավիճակը խաթարել է երեխաների բարեկեցությունը, անվտանգությունն ու վտանգել նրանց ապագան: Միմիայն արդյունավետ համագործակցության շնորհիվ կարող ենք ապահովել, որպեսզի հայ աղջիկներն ու տղաները լինեն առողջ, շարունակեն իրենց կրթությունն ու մեծանան ներդաշնակ միջավայրում»,- նշել է Լիվ Էլին Ինդրեյթենը՝ Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի պաշտոնակատարը։
Ծրագրի միջոցներով շուտով ՀՀ հինգ մարզերում (Լոռի, Շիրակ, Տավուշ, Արագածոտն, Գեղարքունիք), իսկ այնուհետև մնացած բոլոր մարզերում հիգիենայի պահպանման համար անհրաժեշտ սարքերով՝ 500 դիսպենսերներով կապահովվեն առաջնային առողջապահական հաստատություններն ու ծննդատները: Դիսպենսեր սարքերը հարմար են ինչպես հեղուկ օճառի, այնպես էլ ալկոհոլային հիմքով ձեռքի քսուքների արդյունավետ օգտագործման համար:
Մայրաքաղաքի ու մարզերի հիվանդների արագ և արդյունավետ բուժօգնությունը կազմակերպելու համար նաև ձեռք են բերվելու հինգ թվային շարժական ռենտգեն համակարգեր, որոնց նշանակությունը խիստ կարևոր է համավարակի վերահսկման ու կանխարգելման գործում:
Հարակից հրապարակումներ`
- Կորոնավիրուսից մահացած 51-ամյա կինը չի ունեցել ուղեկցող քրոնիկական հիվանդություններ
- 08.08.2020. Գրանցվել է կորոնավիրուսով վարակման 200 նոր դեպք , մահվան 8 դեպք
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին