Ասորիները հայերի վրա ամենամեծ ազդեցություն թողած ժողովուրդներից են. Ստեփան Դանիելյան
Լիբանանի ասորիներ մասին առաջացած բանավեճի առիթով մի քանի խոսք էլ ես ասեմ, ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
Նա գրել է, որ մեր պատմության դասագրքերը թերի են ու մեր իրական պատմության մասին միակողմանի տեղեկություններ են պարունակում։
«Ասորիները հայերի վրա ամենամեծ ազդեցություն թողած ժողովուրդներից են, ինչը մինչ այժմ առկա է։
Ասորիները մեր տարածաշրջանի ամենակրթված ժողովուրդներից են եղել՝ առաջին առևտրականներն, առաջին քրիստոնյաներն և այլն։
Քրիստենեությունը հայերի շրջանում հենց ասորիներն են տարածել, Ավետարանը և մյուս գրքերը սկզբնական շրջանում ասորերենից են թարգմանվել, առաջին աստվածաբաններն, որոնք հայերին կրթում էին, հենց իրենք են եղել։
Շատերդ կհիշեք Սասունցի Դավիթի էպոսից հայտնի Սուրբ Կարապետ վանքը՝ Գլակավանքը, որի անձնակազմը մոտ 200 տարի ասորիներ էին, հենց այդտեղ էին քրիստենեական գրականությունը թարգմանվում հայերեն ու պատահական չի, որ Խորենացին հայերի պատմությունը գրելիս ասորական աղբյուրներից էր օգտվում։ Գլակավանքը երկար ժամանակ հայերի ինտելեկտուալ կենտրոնն է եղել։
Ավելին, կրոնական տերմիններն (խունկ, խորան, վեղար, քահանա, մագաղաթ և այլն) ու հոգևորականների հանդերձանքը, եկեղեցիների սկզբնական ճարտարապետությունը նույնպես ասորական ազդեցություն ունեն։ Նույնը բիզնեսի ոլորտին է վերաբերվում, անգամ բառապաշարի՝ շուկա, խանութ և այլն։
Որ Սամուելին Սամվել ենք ասում, Մանուելին՝ Մանվել, Իոաննին՝ Հովհաննես, Գորգիին՝ Գևորգ, Սարգիդ և այլ, ասորական արտասանության ձևերն են, որ հոգևորականներին դիմում են «տեր» ձևով ասորական «մար» ձևի թարգմանությունն է և այլն։
Չեմ խոսում Մաշտոցի մասին, ով հենց ասորիներին էր դիմել տառերը ստեղծման գործում օգնության համար։
Մեծ քանակությամբ ասորիներ հայացել են, լրացնելով մեր գենոֆոնդը։
Սա շատ համեստ թվարկում էր հայ-ասորական հարաբերությունների մասին»,- գրել է նա։