Կորոնավիրուսով պայմանավորված Վրաստանը կարող է ընդունել եվրոպական ֆուտբոլային հանդիպումները
Կորոնավիրուսի տարածման ֆոնին Վրաստանը կարող է իր հարկի տակ ընդունել եվրոպական ֆուտբոլային հանդիպումները, գրում է «Կոմմերսանտ»-ը՝ մեջբերելով Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (FFG) նախագահ Լևան Կոբիաշվիլիի խոսքը։
Վերջինս նշել է, որ ՈւԵՖԱ-ի հետ քննարկվել է Թբիլիսիում և վրացական այլ քաղաքներում եվրոպական գավաթների խաղերն անցկացնելու հարցը։ Նա հիշեցրել է, որ շատ քաղաքներում, որոնք պատրաստ էին անցկացնել խաղերը, կորոնավիրուսային վարակը չի նահանջում։
Որպես օրինակ, Կոբիաշվիլին մատնանշել է Ղազախստանը. Կենտրոնական Ասիայի այս երկրում զանգվածային միջոցառումները՝ ներառյալ մարզական հավաքները դեռևս արգելված են, և երկրի սահմանները փակ են վարակի տարածման վտանգի պատճառով:
Կոբիաշվիլիի խոսքով, եթե Ղազախստանը ի վիճակի չէ հյուրընկալել եվրոպական գավաթների ընտրական փուլի հանդիպումները, ապա Վրաստանը պատրաստ է իր մարզադաշտերը տրամադրել ղազախստանցի ակումբներին ու նրանց մրցակիցներին: