Հուլիսին բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են 29.1% և 30.6%-ով
2020թ. հուլիսին 2019թ. հուլիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում պահպանվել է գների նույն մակարդակը, իսկ 2020թ. հունիսի համեմատ արձանագրվել է 0.3% գնանկում:
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2020թ. հուլիսին հունիսի համեմատ հագուստի, տարբեր տեսակի կոշկեղենի գները նվազել են 2.7%-ով, բնակարանի նորոգման նյութերինը՝ 0.9%-ով, գորգերինը և հատակի ծածկերինը՝ 0.8%-ով, ապակե ամանեղենինը, ճաշասպասքինը և տնային կահ-կարասունը՝ 0.6%-ով, կահույքինը` 0.5%-ով, դեղագործական ապրանքներինը, կենցաղային և այգեգործական գործիքներինը՝ 0.1%-ով:
Միաժամանակ, հանրապետությունում արձանագրվել է խոշոր և փոքր կենցաղային սարքերի՝ 0.1%, մաքրող, լվացող միջոցների` 0.3%, վառելանյութերի և քսանյութերի՝ 0.4%, ոսկերչական զարդերի 5.5% գնաճ։
2020թ. հուլիսին հունիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի` համապատասխանաբար 3.9% և 3.6% գնաճ: 2020թ. հուլիսին 2019թ. հուլիսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են 29.1% և 30.6%-ով, իսկ 2019թ. դեկտեմբերի համեմատ՝ 26.0% և 25.2%-ով։